Կարմիր գծերով սև շալվա՞րն ընտրեմ, էլեկտրիկ կապո՞ւյտը, սև դասակա՞նը, թե սպորտային սպիտակը՝ կմտածեք դուք՝ խանութում կանգնած, կամ կդժվարանաք ընտրություն կատարել հավի մսով սենդվիչի ու բիգմակի միջև ճաշարանի հերթում, կամ էլ միգուցե չեք կարողանա որոշել, թե որ դասն անել սկզբում, իսկ որը՝ վերջում։ Այսպիսի իրավիճակների մենք բախվում ենք ամեն օր և հաճախ չենք կարողանում գոհացուցիչ որոշումներ ընդունել։ Ընտրեք երկրորդ տարբերակը՝ խորհուրդ կտար ձեզ Բարրի Շվարցը՝ հոգեբան, որը բազմաթիվ ուսումնասիրություններ է կատարել, թե ինչպես է մարդն ընտրում։ Հետաքրքրե՞ց։ Ուրեմն շարունակիր կարդալ։
Պատկերացրեք՝ դուք առևտրի կենտրոնում եք և ուզում եք տաբատ գնել։ Շատերը հավանաբար կշրջեն բոլոր խանութներով՝ փնտրելով լավագույն տարբերակը, վերջում, հոգնելով դեգերումներից, կընտրեն մի տաբատ, որն «այդքան էլ վատը չէ», և վատ տրամադրությամբ ու քայքայված նյարդերով դուրս կգան առևտրի կենտրոնից։ Իսկ հիմա պատկերացրեք, որ ապրում եք 80-ականներում և տաբատի կարիք ունեք։ Դուք պարզապես կգնաք խանութ, ընդ որում հավանական է, որ այն միակը կլինի քաղաքում, կընտրեք տաբատներից մեկը, որը մնացել է վաճառքի, թեև հնարավոր է չափսը երկու անգամ մեծ լինի, իսկ տեսքն էլ այն չլինի, ինչի մասին երազել եք։ Ես գրազ եմ գալիս, որ գնումից հետո դուք երջանիկ սրտով դուրս կգայիք խանութից՝ գոհ ձեր ընտրությունից, և դեռ մի բան էլ կպարծենայիք ընկերների մոտ։
Իսկ ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ, երբ մի ծով հնարավորություն կա գտնելու ձեր երազած տաբատը, դուք չեք կարողանում ճիշտ ընտրություն կատարել և հիասթափվում եք, իսկ երբ թվում է, թե ընտրության հնարավորություն չկա, երջանիկ եք։ Պարադոքսի՞ է նման։ Հիմա կբացատրեմ։
Խնդիրն, այսպես կոչված, «ընտրության ազատության պարադոքսի» մեջ է, որի ամենակարճ սահմանումն է՝ «Ինչքան մեծ է ընտրության հնարավորությունը, այդքան բարդանում է ընտրողի վիճակը»։ Մեր ուղեղի համար ավելի դժվար է ընտրել հազարավոր գույների, ձևերի ու չափսերի տաբատներից, քան ուղղակի ընդունել միակ հնարավոր տարբերակը։ Առաջին դեպքում մենք մեզ վրա մեծ պատասխանատվություն ենք վերցնում ճիշտ ընտրություն կատարելու և, քանի որ տարբերակները շատ են, երբեք չենք իմանում՝ արդյո՞ք մեր ընտրությունը ճիշտ էր։ Կասկածը, որ հնարավոր է խանութում կար ավելի լավ տարբերակ, որը մենք չկարողացանք գտնել, մեծ ստրես է առաջացնում, մինչդեռ երկրորդ դեպքում մենք գիտակցում ենք, որ թեև տաբատը գոհացուցիչ չէ, սակայն մեզնից ոչինչ կախված չէր։ Երկրորդ դեպքում մենք ուղղակի կընդունենք, որ ընտրությունը սահմանափակ էր, և կանցնենք մեր մնացած գործերին։
Կա ևս մի գործոն, որը մեզ խանգարում է ընտրություն կատարել շատ տարբերակներ ունենալու դեպքում։ Ինչքան մեծ է ընտրելու հնարավորությունը, այնքան աճում են մեր պատկերացումները կատարյալի մասին, քանի որ մենք տեսնում ենք, որ, օրինակ, տաբատները կարող են լինել ոչ միայն լայն, այլ նաև նեղ, կարող են լինել տարբեր գույների, ոչ թե միայն կապույտ և այլն։ Մեր սպասելիքները կատարյալից համեմատաբար մեծ են, հետևաբար դրանց իրականանալու հավանականությունը՝ ավելի փոքր։ Իսկ երբ մենք ընտրության փոքր հնարավորություն ունենք, ինչպես երկրորդ դեպքում, մեր սպասելիքները նույնպես շատ փոքր են։ Քայլելը հարմար լինի տաբատով, իսկ չափսը՝ համապատասխան՝ մեզ արդեն հերիք է, որ երջանիկ լինենք, քանի որ հենց դա էինք սպասում տաբատից։
Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ ընտրության հնարավորությունն արդեն ձևավորված արժեք է։ Երբ գնում ենք բժշկի, մեզ այլևս դեղատոմս չեն առաջարկում , բժիշկը մեզ ներկայացնում է բուժման տարբերակներ, որոնք ունեն իրենց լավ և վատ կողմերը, իսկ ընտրությունը դրված է մեր ուսերին։ Այս և մեր կյանքի բազմաթիվ ընտրություններ ըստ երևույթին անիմաստ են, քանի որ յուրաքանչյուր ընտրություն կունենա և՛ լավ, և՛ վատ հետևանքներ։ Դուք կարող եք շուտ պառկել քնելու և կզրկվեք սիրելի սերիալը դիտելու հաճույքից, կամ կարող եք դիտել այն և զրկվել լիարժեք քնելու հնարավորությունից։ Բարրի Շվարցը խորհուրդ է տալիս միշտ ընտրել երկրորդ տարբերակը, սակայն նույն կերպ դուք կարող եք ընտրել առաջինը, երրորդը, հազարերորդը (լավ կլինի իհարկե հազարերորդին չհասնեք )։ Կարևորն այն է, որ դուք արագ ընտրություն կատարեք առանց ձեր ընտրածից շատ բան սպասելու և հետո հետ հայացք չնետեք ու չսկսեք համեմատել ձեր ընտրածը մնացած տարբերակների հետ։ Դա կխնայի բավականին նյարդեր և ժամանակ, ինչը կարող եք ծախսել կյանքի ավելի կարևոր ոլորտներում։
Արագ ընտրություն կատարեք ու հետ մի՛ նայեք։ Ես վստահ եմ, որ ձեր կյանքը փոքր-ինչ ավելի լավը կդառնա այդպես։
Դավիթ Բաղդասարյան
11-րդ դասարան
Կիսվել