Չինարենի կամուրջ․ «Այբ»-ի աշակերտուհին՝ լավագույնների թվում

«Այբ» դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Նանե Ենգիբարյանը հաղթել է «Չինարենի կամուրջ» մրցույթի «Լավագույն մշակութային համար» անվանակարգում: Այս տարի մրցույթն անցկացվել է առցանց։ Նանեն նախորդ տարի ևս լավագույններից է եղել «Լավագույն հռետորական խոսք» անվանակարգում։

Մրցույթն անցկացվում է երկու տարիքային խմբերում՝ աշակերտական և ուսանողական: Եզրափակիչ փուլ հասած յուրաքանչյուր մասնակից հանձնում է գրավոր քննություն՝ Չինաստանի մշակույթի, աշխարհագրության, պատմության և լեզվի քերականության վերաբերյալ, ներկայացնում հռետորական ճառ՝ տվյալ մրցութային տարվա խորագրով, և բանավոր խոսք՝ պատասխանելով ժյուրիի հարցերին: Այս տարի աշակերտական խմբում մասնակցում էին Հայաստանի տարբեր դպրոցներից շուրջ 15 աշակերտ, իսկ եզրափակիչ փուլում մասնակցեցին 6-ը, այդ թվում՝ «Այբ»-ի աշակերտ Նանե Ենգիբարյանը: Մրցույթի խորագիրն էր «Իմ չինական երազանքը»։ Նանեն ներկայացել է չինական նկարչության համարով՝ 国画(Guóhuà):

«Մրցույթին մասնակցությունը բազմակողմանի խորացրել է իմ գիտելիքները չինարենի և չինական մշակույթի վերաբերյալ, սովորեցրել է անհանգստության, հուզմունքի, զգացմունքների տիրապետում, նոր ընկերներ եմ ձեռք բերել՝ թողնելով շատ դրական հույզեր և հիշողություններ: Հասկացա նաև, որ մարդիկ ապրում են նույն հոգեհուզական պահերը՝ անկախ ազգային պատկանելիությունից»,- նշում է Նանեն:

«Չինարենի կամուրջ» կամ 汉语桥 (Hànyǔ qiáo) ամենամյա մրցույթն անցկացվում է ավելի քան 150 երկրում, և դրան կարող են մասնակցել չինարեն ուսումնասիրող ուսանողներ և աշակերտներ: Ուսանողական և աշակերտական այս միջազգային մրցույթի հայաստանյան ընտրական փուլը կազմակերպում է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը, իսկ համակարգողը ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտն է:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>