«Ճարտար կինո» ակումբը նկարում է փորձարարական ֆիլմ  Երևանի ճարտարապետության մասին

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Ճարտար կինո» ակումբը կինոյի միջոցով վերագտնում է մոռացված ճարտարապետությունը։ Ակումբի գործունեության նպատակը ճարտարապետական կոթողների ու արժեքների վերհանումն ու ներկայացումն է հասարակությանը՝ այդ արժեքների արժևորման ու պահպանման նպատակով։ Նախագծի շրջանակում նկարահանում ենք վավերագրական-փորձարարական ֆիլմ, որում ներկայացվելու է Երևան քաղաքի ճարտարապետական ժառանգությունը՝ հիմնականում կենտրոնանալով հարթաքանդակների ու զարդաքանդակների վրա։ Ստեղծելու ենք նաև տեղեկատվական գրքույկ, որի շնորհիվ հայկական ճարտարապետության պատմության ու գաղափարախոսության մասին տեղեկույթի փոխանցումն առավել արդյունավետ է տեղի ունենալու։

Այս ուսումնական տարվա ընթացքում ակումբն արդեն հասցրել է որոշակի աշխատանք կատարել նախագծի իրականացման համար։ Այցելել ենք ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի աշխատանքների ցուցադրությանը, որի շնորհիվ բացահայտել ենք Երևանի ճարտարապետության մի շարք ուշագրավ մանրամասներ։ Հիշարժան էր նաև այցելությունը Կինոյի տուն, որտեղ ծանոթացանք հայկական կինոյի պատմությանն ու տեսանք, թե ինչ գործիքավորում ու իրեր էին օգտագործում անցյալում ֆիլմեր նկարահանելու համար։ Ներկա գտնվեցինք նաև Սարյանի ցուցադրությանը, որը մեզ ավելի մոտեցրեց արվեստին ու ստեղծագործ մտածողությանը։

Ընթացքում են ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Մեր դասերի շրջանակում պարբերաբար շրջում ենք Երևանի փողոցներով ու լուսանկարում մեզ հանդիպած զարդաքանդակները։ Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա հունիս-հուլիս ամիսներին։

Նինա Պռազյան, 12-րդ դասարան

Սոֆի Անդրիասյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>