Ամանորի տոնավաճառ 2019․ բարեգործություն, կամավորություն, հրաշալի տրամադրություն

Փոքրիկ Քրիստինեին «Այբ»-ում ամենաշատը գրավեցին լեգոներով խաղալու ու շատ ադիբուդի ուտելու հնարավորությունը։ Ալիսան ու Կարինան փաթիլներ էին ներկում և վայելում Ամանորի տրամադրությունը։ Աշոտն ու Էմինը քաղցրավենիք էին պատրաստել և վաճառում էին, որպեսզի ուղղեն այդ գումարը բարեգործության․ մի խոսքով՝ «Այբ»-ի Ամանորի բարեգործական տոնավաճառն էր։

Այս տարվա տոնավաճառի ընթացքում հավաքված գումարն ուղղվելու է «Այբ» դպրոցի Բ մասնաշենքի ճաշարանի ձայնամեկուսացման համար անհրաժեշտ սարքավորումներ գնելուն։ Տոնական միջոցառման կազմակերպիչները դպրոցի շրջանավարտներն էին։ 2018-ին «Այբ»-ն ավարտած, բայց դպրոցի հետ սերտ կապ պահպանող շրջանավարտներ Աշխենն ու Մերին նշեցին, որ այս տարվա տոնավաճառը իր ձևաչափով տարբերվում է նախորդներից։ Ամեն ինչ արված էր, որ պահպանվի Ամանորի տոնավաճառների ավանդական ձևաչափը՝ այդպես Նոր տարվա շունչն ավելի զգալի դարձնելով։

Սննդի տոնավաճառում հետաքրքիր նորություն էին կրակի վրա խորովված շագանակն ու զեֆիրը, որոնք պատրաստում էին այբեցիները։ Տոնավաճառի ընթացքում մի շարք տեղական արտադրողներ և անհատ ձեռներեց հնարավորություն ունեին վաճառելու իրենց արտադրանքը, նաև հրաշալի ժամանակ անցկացնելու։ Այս տարի մասնակցում էին շուրջ 50 կազմակերպություններ, որոնց մեջ կային և՛ առաջին տարին մասնակցողներ, և՛ արդեն «վետերաններ»։

Բացի սննդի բարեգործական վաճառքից, անցկացվեց նաև աճուրդ։ Վաճառքի էին դրված «Այբ» դպրոցին և տնօրեններին նվիրված իրերը։ Այս տարվա աճուրդը բավականին մրցակցային էր։ Ի վերջո աճուրդից ամենաշատ «գնումները» կատարեց Արման Հարությունյանը, որի 2 երեխաները սովորում են դպրոցում։ Պարոն Հարությունյանը աճուրդների սիրահար է, բայց «Այբ»-ի Ամանորի տոնավաճառի աճուրդին չէր վերաբերվում որպես հերթականի։ Նրան ոգևորում է այն, որ այդ գումարը գնալու է «Այբ» համայնքի խնդիրների լուծմանը։

Միջոցառումների կազմակերպիչ Ջենի Թուֆենկջյանը նշեց, որ տոնավաճառի հիմնական նպատակներից է աշակերտների համար լավ տրամադրություն ապահովելը և նրանցում բարեգործության ոգի սերմանելը։

Ամանորի տոնավաճառը հրաշալի հնարավորություն էր աշակերտների համար կամավորություն անելու։ 10-րդ դասարանցի Մերի Շուշանյանը նշեց, որ կամավորությունից չի հոգնում, որովհետև հաճույքով է անում և իրեն լավ է զգում, երբ մարդկանց օգուտ է տալիս։

«Այբ»-ի տոնական մթնոլորտն էլ ապահովում էին Ձմեռ պապն ու Ձյունանուշը, որ դիմավորում էին հյուրերին և հրավիրում նկարվելու բակում տեղադրված տաղավարում։ Ի դեպ, հեռավոր Լապլանդիայից «Այբ» էին հասել Սանտայի օգնական էլֆերն ու Գրինչը։ Այսպիսի բարձր տրամադրությամբ ու հանրօգուտ միջոցառմամբ նշեցինք 2019-ի ավարտն ու պատրաստվում ենք 2020-ի նորամուտին։

Վահե Դաբաղյան, 12-րդ դասարան

Աիդա Ավետիսյան, 10-րդ դասարան

Tweets by AybSchool
>