Չհնչած Վերջին զանգ. 8-րդ սերունդն ընդունում է մարտահրավերը

«Մայիսի 22-ին «Հայաստան» դահլիճում տեղի ունեցավ «Այբ» ավագ դպրոցի 8-րդ սերնդի Վերջին զանգի արարողությունը: Աշակերտները բեմի վրա ներկայացրին այբական 3 տարին, որից հետո հնչեցին շնորհակալական խոսքեր ու խորհուրդներ ապագայի համար: Արարողությունը լի էր հույզերով ու հիշողություններով: Արդյունքում ևս 70 աշակերտներ համալրեցին շրջանավարտների ակումբը»:

Մոտավորապես այսպիսին պետք է լիներ այս հոդվածը, սակայն այժմ այն մի փոքր այլ բովանդակություն կունենա: Եվ ինչպես այսօր մնացած բոլոր հարցերում մեղադրում ենք կորոնավիրուսին, այս դեպքում նույնպես պատճառը համաճարակն է: Իհարկե այս օրը պատկերացնում էինք ավանդական կապույտ զգեստներով, գրկախառնություններով, մարդաշատ «Հայաստան» դահլիճով ու շատ-շատ հույզերով: Բայց ստիպված ենք նստել համակարգչի դիմաց ու սպասել: Բոլորն են բողոքում կորոնավիրուսի հասցրած վնասներից, բայց եկեք ընդունենք, որ ամենացավալին հենց ավարտական դասարանների աշակերտների համար է:

Սկզբում շատ էինք տխրել. չէինք կարող ո՛չ Վերջին զանգի, ո՛չ ավարտական հանդիսություն կազմակերպել: Իսկ հիմա իրավիճակը որպես մարտահրավեր ենք ընկալում, որը պատվով պիտի հաղթահարենք: Այլընտրանքներ միշտ էլ կան, և ամենայուրահատուկ սերունդը ամենայուրահատուկ ձևով էլ կներկայացնի իր 3-ամյա հիշողություններով հարուստ կյանքը: Թեև բեմի վրա չեն լինի մեր ներկայացումները, չենք ունենա նույն հույզերը ու չենք վայելի մեր սիրելիների գրկախառնությունները, բայց վստահ եմ, որ լավագույնս կներկայանանք մեր այբական ընտանիքի անդամներին: Դրա համար շնորհակալություն ենք հայտնում նաև տնօրինությանը, աշխատակիցներին ու ուսուցիչներին, որոնք ցանկացած հարցում պատրաստակամ են մեզ օգնելու:

«Այբ»-ի 8-րդ սերունդը կավարտի իր դպրոցական կյանքը ամենայուրահատուկ ձևով: Վստահ եմ, որ նույնիսկ այս պայմաններում կկարողանանք հուզառատ ու հիշարժան Վերջին զանգ կազմակերպել: Բայց հույս չունենաք, որ այդպես կազատվեք մեզնից: Մենք միայն «մինչ հանդիպում» ենք ասում, որ նոր ուսումնական տարում արդեն որպես շրջանավարտներ մուտք գործենք մեր սիրելի ընտանիք:

8-րդ սերնդի ներկայացուցիչ՝ Օֆելյա Սմբատյան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>