Բուլինգը դպրոցում․ պատճառներ և հետևանքներ

«Չորս աչքով ո՞նց լավ չես տեսնում»՝ տգեղ արտահայտություններից միայն մեկն է, որը մենք տեսնում ենք մեր դպրոցներում։ Այս երևույթը մարդկային հասարակության մեջ կա վաղնջական ժամանակներից, ծաղրվել են թույլերը, տկարները, հետո՝ այլակրոնները, և այդպես շարունակ։ Շատ հոգեբաններ և մտածողներ նշում են, որ այլ մարդու թույլ կողմը կամ այլակարծությունը ծաղրելը բնորոշ է չինքնահաստատված, թույլ մարդկանց, որոնց առաջ գնալու ռազմավարությունը ոչ թե այլոց գերազանցելն է, այլ նվաստացնելը, որով իրենք առանց աճելու դառնում են մնացածից ավելի «բարձր»։ Սակայն ավելի կարևոր է հասկանալ, թե ինչպես պայքարել բուլիինգի դեմ դպրոցում, երեխաների շրջանում։

Բուլիինգի հիմքը դնում են ծնողները, որքան էլ դա տարօրինակ հնչի։ Բնական է, երբ ծնողն իր երեխային մեծարում է, նրան ասում, որ ամենալավն է, ունի շատ ավելի արժանիքներ, քան այլ երեխաները։ Եվ այս թվացյալ սիրո դրսևորումը սերմանում է երեխայի մեջ մեծամտություն և փակում նրա աչքերը, որ չտեսնի իրականությունը և չցանկանա հավատալ, որ որևէ մեկն ինչ-որ բանում նրանից առաջ է անցել։ Ցավոք, սա բարդ ուղղելի գործընթաց է, սակայն ավելի սարսափելի են այս «մոլախոտի» պատճառով կատարվող գործողությունները, հատկապես բուլիինգը։

Դիտարկենք սովորական դեպք, որտեղ գլխավոր հերոսը տղան է։ Փոքր տարիքում ծնողական մեծարանքի արժանացած երեխան ծաղրում է աշխատասեր աշակերտներին, որոնք ստանում են բարձր գնահատական։ Պատանեկան տարիքում այդ նույն երեխան հնարավոր է նախանձի այլոց, ովքեր շատ ավելի հայտնի են աղջիկների շրջանում կամ ավելի խելացի են։ Այս երկու դեպքում էլ նա ծաղրում է նրանց, փորձում զգալ իրեն ավելի բարձր։ Ինչպես երևում է, ծնողների՝ իրենց երեխայով հպարտանալը կարող է բերել այդ երեխայի մեջ որակի զգացողության կորստի, երեխան կդադարի հասկանալ իր և մյուսների աշխատանքի որակը և միայն կհենվի իր ենթագիտակցության վրա, որում սերմանված է, որ նա ամենալավն է ամեն ինչում։ Այս պայքարի ճանապարհը բավականին բարդ է և լի է խոչընդոտներով։ Նախ՝ ծնողն ունի ազատ խոսքի իրավունք և ոչ ոք չի կարող արգելել նրան գովաբանել իր զավակին, և ապա՝ ծնողը միշտ ցանկանում է ինքն իրեն համոզել, որ իր երեխան ամենալավն է, ինչը բնական է։ Այս ամենի դեմ պայքարի միակ ձևը ծնողի հետ խորհրդակցելն է, խնդրելը, որ նա հնարավորինս քիչ անտեղի գովասանքի արժանացնի իր զավակին, իր գովելու հետ մեկտեղ ցույց տա, որ լավագույնը լինելու համար պետք է շատ աշխատել, այլապես կլինես ուրիշներից ավելի վատը։

Պայքարի մյուս ձևը երեխաներին թույլ չտալն է շփման փոքր շրջան ձեռք բերել և այդտեղ ամրապնդվել։ Իհարկե, կան երեխաներ, որոնք քիչ շփվող են և ընկերների մեծ շրջապատը նրանց համար չէ, սակայն այլոց հետ շփում ունենալը մարդուն չի դարձնում առանձնացած, լքված և մերժված։ Հետևաբար, այստեղ շատ լավ լուծում կլինեն խմբային աշխատանքները ուսուցչի վերահսկողությամբ, որպեսզի քիչ շփվող երեխան չչարանա այլոց հանդեպ, չզգա իրեն միայնակ և չզգա տհաճություն այդ միջավայրում։ Արդյունքում այդ երեխան հետագայում չի զգա միայնություն և «վրեժ չի լուծի» այդ տհաճ մթնոլորտի համար։

Այսպիսով՝ դպրոցական բուլիինգի հիմնական պատճառը ծաղրողի հոգեկան խնդիրներն են։ Ծաղրողը հաճախ կամքով թույլ մարդ է և իրեն բարձր է զգում միայն այն ժամանակ, երբ ծաղրում է մնացածին, երբ իր աշխարհում նա դառնում է բարձրագույնը։ Հետևաբար այսպիսի մարդկանցից ոչ թե պետք է հեռու մնալ կամ, ինչպես անում են որոշ դասատուներ, թևերը թափ տալ և ասել, որ այդ երեխան չի ուղղվի, այլ փորձել հասկանալ նրան, հասկանալ, թե ինչու է նրա մեջ այդ ցանկությունն առաջանում, և գոնե ջանալ այդ երեխային ճիշտ ուղու վրա դնել։

Վարուժան Մկրտչյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>