Ծրագրավորման ակումբը շարունակում է կատարելագործել «Բոլոլա» հավելվածը

Առավոտյան բոլորը շտապում են․ մի մասը գնում է աշխատանքի, մյուսն ուշանում է համալսարանից, երրորդը դպրոց պետք է հաճախի։ Հայաստանի բնակչության մեծ մասն օգտվում է հանրային երթուղայինից։ Կանգառում կանգնած, հատկապես ձնաբքի կամ ամառվա տապի ժամանակ, ավելի նպատակահարմար է իմանալ, թե որ երթուղայինը քաղաքի որ մասում է գտնվում և ինչքան ժամանակ անց կմոտենա կանգառին։ Այստեղ մեզ կարող է օգնության գալ ծրագրավորողների մի խումբ, որը կօգնի ստեղծելու ներկայացված պահանջներին համապատասխան հավելված։ Կարծում ենք՝ այն մեր կյանքը կհեշտացնի, և այսպիսով բոլորս կունենանք ավելի կազմակերպված օր՝ ժամերով կանգառում կանգնելու փոխարեն։ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ծրագրավորման ակումբն առաջարկում է «Բոլոլա» (Bolola) հավելվածը, որը կօգնի լուծելու վերը նկարագրված խնդիրը։

Ակումբը «Բոլոլա» նախագծի վրա աշխատանքները սկսել է դեռևս անցած տարվանից։ Ինչպես գիտենք, համաճարակը մեր կյանքն արգելափակեց մեկ տարով, և յուրաքանչյուրիս ծրագրերը խառնվեցին։ Վիրուսը նաև ազդել է մեր ակումբի աշխատանքի վրա։ Հավելվածն օգտատերի օգտագործման համար պատրաստ է։ Ծրագրավորման ակումբին այս տարի միացած նոր աշակերտները շարունակում են աշխատել նախագիծն ամբողջացնելու վրա։

Այս տարվա սկսնակները ծանոթացան հիմնականում օգտագործվող գործիքակազմին և արագ խառնվեցին հոսանքին։ Այս տարի մեր թիմը պատրաստում է կայքի վարիչին (ադմինիստրատոր) տրամադրվող բաղադրիչների հատվածը։ Տարվում են նախապատրաստական աշխատանքներ քաղաքապետարանի հետ ունեցած համաձայնությունը վերահաստատելու համար։ Աշխատանքը հիմա բաժանված է աշակերտների միջև, և ամեն շաբաթվա վերջում միավորում ենք մեր գրած բոլոր կոդերը և միացնում հիմնական ծրագրին։

Ծրագիրը խոստումնալից է, և կարճ ժամանակ անց, կարծում ենք, հավելվածը հասանելի կլինի։ Այն կօգնի ավելի արդյունավետ կազմակերպելու օրը և կանգառ հասնելու առանց մտավախության, թե բաց ենք թողել ավտոբուսը կամ թե երկար պետք է սպասել։

Արևիկ Մելիքյան, 11-րդ դասարան,

Ծրագրավորման ակումբ

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>