Երևանի երթուղիները՝ աշակերտների ստեղծած «Բոլոլա» հավելվածում

Կայացավ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ծրագրավորման ակումբի «Բոլոլա» նախագծի շնորհանդեսը։ Միջոցառումն անցկացվեց «Teams» առցանց հարթակում։ Ներկայացումը բաղկացած էր երկու հատվածից։ Աշակերտները սկզբում պատմեցին, թե ինչպես են աշխատել, ինչ գործիքներ են օգտագործել, հաջորդիվ ներկայացրին նախագծային աշխատանքի արդյունքը։

Ծրագրավորման ակումբի աշակերտների նպատակն այնպիսի հավելված ստեղծելն էր, որը կունենար կանգառների քարտեզ, կներկայացներ՝ մոտավորապես քանի րոպեից է հասնում երթուղայինը կամ ավտոբուսը, ցույց կտար հնարավոր ամենակարճ ճանապարհը A կետից B կետ հասնելու համար, հնարավոր ամենաէժան տարբերակը և այլն։ Հավելվածը նաև ցույց է տալիս այն մոտավոր ժամանակը, որն անհրաժեշտ է ընտրված վերջնակետին հասնելու համար:

Աշակերտների ստեղծած հավելվածը ցույց է տալիս Երևանում գործող երթուղիները և կանգառները։ Ցանկացած օգտատեր կարող է գտնել իր ուզած վայրին հասնելու հնարավոր տարբերակները, քանի որ հավելվածն առաջարկում է այլ տարբերակներ ևս՝ բացի երթուղայինից (օրինակ՝ հեծանիվ, մեքենա): Հավելվածը դեռևս առկա չէ App Store-ում և Google Store-ում, քանի որ ՀՀ քաղաքապետարանը չկարողացավ տրամադրել բոլոր երթուղիները պարունակող տվյալների շտեմարանը: Ուստի աշակերտներն ինքնուրույն են զբաղվում տվյալների հավաքմամբ և համակարգմամբ: Հուսանք՝ շատ շուտով հավելվածն արդեն հասանելի կլինի վերոնշյալ հարթակներում։ Այս նախագիծը մեզ տվեց ծրագրավորման, նաև թիմային աշխատանքի և հաղորդակցության հմտություններ։ Ծրագրավորման ակումբում աշխատանքը բոլորիս մեջ կոտրեց այն կարծրատիպը, թե ծրագրավորողների հետ աշխատելը ձանձրալի է։

Առաջնային նպատակին ակումբը, ճիշտ է, հասավ, սակայն սա միակ վերջնարդյունքը չէ։ Ակումբն ունի ևս մեկ նպատակ, որին դեռևս չի հասել։ Հարկավոր է հավելվածը բարելավել և տրամադրել միջազգային շուկային։ Այլ քաղաքների քաղաքապետարանները նույնպես հնարավորություն կունենան իրենց երկրի երթուղիները ներբեռնելու տվյալների շտեմարան և ստանալու իրենց հավելվածը։

Սա ավարտն էր մեր նախագծի առաջին մասի․ «Բոլոլան» դեռ նոր է սկսվում։

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ծրագրավորման ակումբ

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>