«Այբ»-ի աշակերտների «Բարի ընթրիքը» Մանուկ Հերգնյանի հետ

Այս տարի արդեն երկրորդ անգամ «Այբ» ավագ դպրոցի սաները մասնակցեցին «Բարի ընթրիք» բարեգործական նախագծին, որն իրականացնում է «Այբ» կրթական հիմնադրամը։ Աճուրդի նպատակը «Այբ»-ի կրթաթոշակային ֆոնդը համալրելն է՝ ավելի շատ հայ երեխաների հնարավորություն ընձեռելով սովորելու «Այբ» ավագ դպրոցում ֆինանսական աջակցությամբ:

Այս անգամ «Բարի ընթրիքի» աճուրդը շահած Մարիաննա Ամիրբեկյանը և Օքսֆորդի համալսարանի մի քանի շրջանավարտներ ցանկություն էին հայտնել իրենց տեղը զիջելու «Այբ»-ի աշակերտներին՝ ընթրելու և բազմաբովանդակ զրույց վարելու Մանուկ Հերգնյանի հետ: Նա «Ի-Վի Քոնսալթինգ» գործարար խորհրդատվական ընկերության հիմնադիր-կառավարող գործընկերն է, ինչպես նաև Հայաստանում առաջին վենչուրային ընկերության՝ Granatus Ventures-ի համահիմնադիրը: Պարոն Հերգնյանը մի շարք մասնավոր ընկերությունների և հանրային կառույցների խորհուրդների անդամ է, «Արար» և «Պահապան» հիմնադրամների համահիմնադիրը:

Ընթրիքին մասնակցեցին 12-րդ դասարանի աշակերտներ Սյուզան Կարապետյանը, Վահան Սարգսյանը և Սամվել Սարդարյանը: Նախ աշակերտները ծանոթացան Մանուկ Հերգնյանի հետ, ներկայացրին իրենց հետաքրքրություններն ու նախասիրությունները և պատմեցին իրենց ապագա ձգտումների ու նպատակների մասին։ Այնուհետև Մանուկ Հերգնյանը պատմեց վենչուրային ներդրումների մի շարք առանձնահատկությունների, գրանցված հաջողությունների, ինչպես նաև ձախողումների ու դրանց հաղթահարման մասին։ Աշակերտները տվեցին իրենց հուզող հարցերը, որոնք առնչվում էին տնտեսությանը, կրթական ծրագրերին և ներդրումներին։ Միասին քննարկեցին արժեհամակարգի թեման և առանձնացրին արժեքներից ամենակարևորները։ Պարոն Հերգնյանը կարևորեց կրթական ձեռքբերումները՝ հորդորելով աշակերտներին ինքնակրթման ճանապարհով զարգանալ։

Հանդիպումը հատկանշական էր աշակերտների համար, քանի որ Մանուկ Հերգնյանը նաև «Այբ» համայնքի անդամ է։ Ուստի չէին կարող շրջանցվել «Այբ»-ի գաղափարախոսությանը և արժեհամակարգին առնչվող թեմաները։ Աշակերտները նաև բացահայտեցին, որ «Այբ» անվան հեղինակը պարոն Հերգնյանն է։

Ընթրիքը տեղի ունեցավ Louis Charden ռեստորանում, որը տրամադրել էր «Այբ» կրթական հիմնադրամի գործընկեր Margaryan Business Group ընկերությունը:

Սյուզան Կարապետյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>