Բանակում 2023. ռազմամարզական ճամբարի երեք օրը

«Այբ» ավագ դպրոցի ուսումնական ծրագրի կարևոր բաղկացուցիչն է բանակումը՝ ռազմամարզական ճամբար, որը ՆԶՊ առարկայի այլընտրանքային տարբերակ է։ Այս տարի նույնպես ավագ դպրոցի աշակերտները մեկնեցին բանակման։

Վրանային ճամբարը տեղակայված էր Լոռու մարզի Պուշկին գյուղից ոչ հեռու գտնվող մի գողտրիկ տարածքում՝ ամառային յուրօրինակ միջավայրում։ Ծառապատ հարթավայրն ամբողջությամբ բուսածածկ էր և շրջապատված էր լեռներով ու անտառներով։ Աշակերտներն այստեղ անցկացրին անմոռանալի երեք օր՝ ամեն առավոտ արթնանալով կանաչով ու թարմությամբ շրջապատված։

Առաջին օրը ժամանեցինք ճամբար։ Այդ օրը հիմնականում համարվում է «տեղավորման օր»։ Վրաններում տեղավորվելուց և իրերը դասավորելուց հետո ճաշեցինք։ Բանակման ընթացքում երևի թե ամենատպավորիչ արարողություններից մեկը՝ երգելով ճաշարան գնալը, դարձավ ինձ համար հետաքրքիր փորձառություն։

Երկրորդ և երրորդ օրերը ամբողջությամբ նվիրված էին ուսումնական մասին։ Ուսումնամարզական պարապմունքները ներառում էին ռազմական տեղագրության, առաջին բուժօգնության և ինքնապաշտպանության դասեր։ Ռազմական տեղագրության դասի ժամանակ դպրոցի զինղեկ Հրաչյա Պետրոսյանցի գլխավորությամբ կատարեցինք տեսական և գործնական վարժանքներ։ Իմացանք, թե ինչպես պետք է առանց քարտեզի կողմնորոշվել տեղանքում ՝ փորձելով դա ցույց տալ գործնականորեն։ Կատարեցինք նաև մարտավարական տարբեր վարժաձևեր: Մյուս ոչ պակաս հետաքրքիր դասընթացը կապված էր առաջին բուժօգնության հետ։ Բժիշկ Սևան Իրիցյանի օգնությամբ մենք ուսումնասիրեցինք տարբեր վնասվածքների, այրվածքների, կոտրվածքների և այլ դեպքերում առաջին հնարավոր բուժօգնություն տրամադրելու թեման։ Տեղեկույթը լավ յուրացնելու, վարժվելու և հմտանալու նպատակով բուժօգնության գործողությունները կատարեցինք գործնականորեն։ Իսկ ինքնապաշտպանության դասը Աշոտ Սողոմոնյանի մատուցմամբ սովորեցրեց մեզ վտանգավոր իրավիճակներում հակառակորդի էներգիան և ուժը ճիշտ կառավարել և համապատասխան հարված հասցնել։ Յուրաքանչյուր դաս թե՛ տեսական, թե՛ գործնական առումով լիարժեք էր դարձնում ուսումնական մասը։

Օրը եզրափակում էինք խարույկի մոտ հետաքրքիր ու հանգիստ ժամանակ անցկացնելով, երգեր երգելով, իրար հետաքրքիր պատմություններ պատմելով և ուղղակի վայելելով կախարդական երեկոները։ Միջավայրն ավելի հաճելի և լիարժեք էր դառնում ճամբարի հավատարիմ ու շատ ակտիվ երեք շների ձայների և խաղերի ուղեկցությամբ։

Կարծում եմ՝ բոլոր աշակերտների համար բանակումը միշտ կմնա ուսումնական ծրագրի ամենասիրելի և հետաքրքիր բաղադրիչներիցը։ Անսպասելի գործողությունների ընթացք, ակտիվ օրեր, ուրախությամբ և ծիծաղով լցված վրաններ, համեղ ուտելիքներ և ռազմական պատրաստություններ․ հենց այսպիսին էին մեր անմոռանալի երեք օրերը։

Տաթևիկ Գրիգորյան

11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>