Բանակ 29. Պանելային քննարկում արցախյան պատերազմի մասնակից այբեցիների հետ

«Այբ» դպրոցում անցկացվեց առցանց պանելային քննարկում հայկական բանակի 29-րդ տարեդարձի կապակցությամբ։ Պանելային քննարկման խոսնակներն էին «Այբ» դպրոցի զինղեկ Հրաչյա Պետրոսյանցը, «Այբ» դպրոցի պարարվեստի ուսուցիչ Գագիկ Գինոսյանը, «Այբ» դպրոցի մարմնամարզության ուսուցիչ Կարեն Հովհաննիսյանը, 2018 թ. շրջանավարտ Արամ Ադամյանը, 2020 թ. շրջանավարտներ Բորիս Մարտիրոսյանն ու Նարեկ Նուրիջանյանը, իսկ հաղորդավարները՝ 2015 թ. շրջանավարտներ Նանե Մանուկյանն ու Հայկ Խեկոյանը: Խոսնակները մասնակցել են արցախյան երկրորդ պատերազմին։

Քննարկման սկզբում վեր հանվեցին հայկական բանակի խնդիրները և դրանց լուծման տարբերակները՝ ըստ խոսնակների կարծիքի։ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ հայ ժողովուրդն ունի մտածողությունը փոխելու խնդիր։ Հրաչյա Պետրոսյանցն ավելացրեց, որ յուրաքանչյուր երկրի առանցքը նրա բանակն է, որի շուրջ պտտվում են կրթությունը, տնտեսությունը և այլ բնագավառները։ «Պետք է կարողանանք ամեն կերպ պաշտպանել այդ առանցքը»,- ասաց նա։ Շրջանավարտներից Արամն ամփոփեց․ «Պետք է դուրս գանք օտար մոդելներից, օգտագործենք հինգերորդ սերնդի տեխնիկա, նաև՝ հայկական արտադրության։ Մարտական ու ազգային ոգին տեղն է, մեզ զենքեր են պետք»։

Անդրադարձ կատարվեց նաև պատերազմի թողած ազդեցությանը շրջանավարտների կյանքում, ովքեր այժմ ժամկետային զինծառայողներ են։ Այն հարցին, թե ինչպես է պատերազմն անդրադարձել նրանց աշխարհայացքի փոփոխության վրա, Նարեկը, որ վիրավորում ունի և վերականգնվում է, պատասխանեց․ «Յուրաքանչյուր պահի վայելքը վերակարևորեք։ Երբ դու կանգնած ես սահմանին, և մահն առջևովդ է անցնում, դու հասկանում ես, թե ինչքան բաների կարևորություն չես տվել»։ Տղաները պատմեցին նաև պատերազմի ժամանակ թիկունքից ստացված ուժի և աջակցության կարևորության մասին։ Նրանք ուրախությամբ նշեցին, որ յուրաքանչյուր նամակ կամ զանգ, որ ստանում էին, ամրապնդում էր նրանց մարտական ոգին։ «Ես հասկանում էի, որ այն, ինչ անում եմ, իզուր չէ»,- ասաց Արամը։

Հանդիպումն ավարտվեց դիպուկ հարցով, որն ուղղված է յուրաքանչյուրիս՝ ինչպե՞ս պատերազմը վերածել հնարավորության։ Սրա մասին խոսնակներից յուրաքանչյուրն արտահայտեց իր տեսակետը։

Ինգա Թումանյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>