«Տեխնոշարժը» շարունակում է մշակել «AyBus» հավելվածը

Տեղի ունեցավ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Տեխնոշարժ» ակումբի «AyBus» նախագծի շնորհանդեսը։ Մասնակցեցին «Այբ» դպրոցի տնօրինության և աշխատակազմի ներկայացուցիչներ։

Առցանց միջոցառմանը ակումբի անդամները ներկայացրին 2019-2020 ուսումնական տարվա ընթացքում կատարած աշխատանքները։ Նախագծի շրջանակում աշակերտները հետազոտել են Հայաստանում սոցիալական և այլ խնդիրներ, իրականացրել շուկայի ուսումնասիրում, ինչի արդյունքում տնօրինության հետ համաձայնության են եկել «AyBus» հավելվածի ստեղծման շուրջ։ Այդ նպատակով աշակերտները սկսել են սովորել ծրագրավորում՝ հիմունքներից սկսած։

Հավելվածը ստեղծելու է կապ «Այբ» դպրոցի վարորդների և ավտոբուսներից օգտվող աշակերտների, ուսուցիչների, ծնողների միջև։ Հավելվածի նպատակն է հեշտացնել ավտոբուսի օգտագործումը, հնարավորություն տալ ճշգրտորեն հետևելու ավտոբուսի ժամանմանը և խուսափելու ուշացումներից ու բացթողումներից։ Հավելվածում օգտատերը կարող է նամակագրական կապ պահել վարորդի հետ, կոճակի միջոցով տեղեկացնել գալու, չգալու, ինչպես նաև տրանսպորտի միջոցը փոխելու մասին։

Հեռավար ձևաչափն իհարկե բարդություններ մտցրեց աշխատանքային գործընթացում, սակայն թիմը կարողացավ դրանք հաղթահարել։

Քանի որ ակումբի աշակերտների մեծամասնությունը ծրագրավորման հիմունքային գիտելիքներ չուներ և նախագիծն էլ ծավալուն էր, նախագծի վերջնաժամկետ սահմանվեց 2020-2021 թթ․ ուսումնական տարվա վերջը։ Սակայն աշակերտներն իրենց գիտելիքները ցուցադրեցին մի քանի խաղ ստեղծելու միջոցով, որոնց համար պահանջվող գիտելիքները ստացել էին դասընթացների ժամանակ, ինչպես նաև օգնեցին «Արվեստանոց» ակումբին «Քաղաքանդակ» նախագծի կայքի ստեղծման հարցում։

Նոր ուսումնական տարում ծրագրվում է ամբողջականացնել հավելվածը, ներմուծել նոր գաղափարներ ու լուծումներ, ինչպես նաև ներգրավել նոր անդամներ։

Վահան Հակոբյան

«Տեխնոշարժ» ակումբ

Կիսվել

Tweets by AybSchool
>