Սեպտեմբերի 6-ին «Այբ»-ում «մարտական» տրամադրություն էր: Առաջին անգամ դպրոցում անցկացվում էր բասկետբոլային արտադպրոցական հանդիպում: Մրցում էին «Այբ» ավագ դպրոցի և QSI միջազգային դպրոցի աշակերտները:
Սրանից առաջ թիմերը բասկետբոլային խաղ էին ունեցել ԵՊՀ-ում, որտեղ, սակայն, այբեցիներն այդքան էլ գոհացուցիչ արդյունք չէին գրանցել: Հետևաբար, կարելի է ասել, որ այս հանդիպումը ռևանշի բնույթ էր կրում:
«Այբ» ավագ դպրոցի աշակերտներն առաջին անգամ էին ներկայանում իրենց հիմնական կազմով: Սակայն այդ փաստն ամենևին էլ չխանգարեց, որ մեր դպրոցի թիմը 39-22 հաշվով փայլուն հաղթանակ տանի:
Առաջին քառորդում հստակ առավելություն թիմերի միջև դեռևս չէր նկատվում, ինչն իր հերթին ապահովում էր խաղի լարվածությունը, սրում սպասողական վիճակը: Սակայն արդեն քիչ անց մեր աշակերտները, մեծ ակտիվություն ու հնարամտություն ցուցաբերելով, ակնհայտորեն գերազանցեցին իրենց մրցակիցներին: Պատկերն ավելի հստակ ցույց տալու համար բավական է ներկայացնել քառորդների ընթացքում գրանցված նետումների քանակը:
1-ին քառորդ - 5-4
2-րդ քառորդ - 18-8
3-րդ քառորդ - 31-20
4-րդ քառորդ - 39-22
«Այբ»-ի թիմի առաջատարներից մեկը ձեռքի լուրջ վնասվածք ուներ: Եվ չնայած դրան՝ նա համառորեն որոշել էր մասնակցել խաղին, ինչպես նաև կարողացել էր բարեհաջող նետումներ կատարել: Հարցազրույց ունենալով այդ մասնակցի՝ Արա Երոյանի հետ՝ լսեցինք մի շարք դրական կարծիքներ թիմի մյուս մասնակիցների, նրանց կազմակերպվածության, միասնականության մասին: Նշվեց, որ որոշ մասնակիցներ նույնիսկ գերազանցեցին իրենք իրենց՝ ցուցաբերելով հրաշալի արդյունքներ:
Արան խոսեց նաև երկրպագուներով լեփ-լեցուն տրիբունայի մասին: Ամբողջ խաղի ընթացքում մեր երկրպագուներն ակտիվորեն խրախուսում, ոգևորում էին մասնակիցներին, ինչը, բնականաբար, դրականորեն էր ազդում խաղացողների տրամադրվածության վրա:
Ինչ վերաբերում է ձեռքի վնասվածքին՝ մեր մասնակիցը հավելեց, որ ամբողջապես կլանված էր խաղով և բացարձակ չէր մտահոգվում այդ առումով:
Նա խոսքը եզրափակեց՝ հույս հայտնելով, որ առաջիկայում մեկ այլ բասկետբոլային հանդիպում կազմակերպելու առիթ կլինի:
Սաթեն Հարությունյան, 12-րդ դասարան