2020-2021 ուսումնական տարում «Այբ» ավագ դպրոցում նախագծային ուսումնառության նոր ակումբ է բացվել՝ «Այբպրեսը»։ 2021 թվականին «Այբ» դպրոցի տասնամյակն է, ինչի առթիվ ակումբի մասնակիցները որոշեցին ստեղծել տարեգիրք, որը կպատմի դպրոցի 10 տարիների գործունեության մասին։ Ակումբի աշխատանքը կազմակերպվում է խմբագրական գործունեության սկզբունքներով․ ակումբի աշակերտները բաժանված են խմբերի, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է մեկ գործառույթի համար՝ դիզայն, հանրային կապեր, հարցազրուցավարներ։
Առաջին ամիսներին ակումբի աշակերտները հիմնականում ունեցել են տեսական դասեր։ Նրանք ուսումնասիրել են տարեգրքեր կազմելու գործիքակազմ ու ձևաչափեր, սովորել ինչպես ճիշտ հարցազրույց վարել, ինչպես մշակել հարցաշար։ Աշակերտները նաև ուսումնասիրել են դպրոցի արխիվը և զարգացրել դիզայներական հմտությունները։ Այնուհետև «Այբպրեսն» անցել է աշխատանքների գործնական փուլին։ Ակումբի անդամները սկսել են «Այբ»-ի մասին պատմող հոդվածներ գրել, մշակել տարեգրքի դիզայնը, ինչպես նաև հարցազրույցներ վերցնել «Այբ»-ի շրջանավարտներից, դպրոցի կայացման գործում նշանակալից դեր ունեցած մարդկանցից։
Հետագայում նախատեսվում են հարցազրույցներ նաև բարերարների հետ։ Հաջորդիվ սկսվելու են էջադրման աշխատանքները։ Նախատեսվում է «Այբ»-ի տարեգիրքը հրապարակել դպրոցի առցանց հարթակներում, իսկ անհրաժեշտ ֆինանսավորումը ֆոնդահայթայթմամբ ստանալուց հետո նաև տպագրել այն ու ներկայացնել 10-ամյակի առիթով կազմակերպվելիք տարբեր միջոցառումներին։
Աշակերտները ոչ միայն աշխատանքային փորձ են ստանում ու զանազան գիտելիքներ, այլև սովորում ինչպես արդյունավետ աշխատել թիմում։
Դավիթ Բաղդասարյան
12-րդ դասարան
«Այբպրես» ակումբ
Կիսվել