Դպրոցական առօրյա, համայնքի արժեքների մարմնավորում, դպրոցի կյանքը աշակերտների աչքերով. ահա թե ինչեր են փորձել ընդգրկել մեկ ամսագրի մեջ «Արվեստանոց» նախագծային ակումբի աշակերտները «Այբում» (Ayboom) նախագծի շրջանակում այս տարի:
Ինչպես և ամեն տարի, այս տարի էլ «Արվեստանոց» նախագծային ակումբը շարունակում է հարստացնել ակումբի անդամների ներկապնակը և զարգացնել նրանց մտահորիզոնը տարբեր թանգարաններ և ցուցահանդեսներ այցելելով: Մեկնարկելով խմբի աշխատանքները` աշակերտները նախ և առաջ այցելեցին Սարյանի թանգարան` ներկա գտնվելու ճարտարապետ-տեսաբան Արեն Բալյանի նախաձեռնությամբ կազմակերպված «Չարենցյան գիրք. Կոջոյան, Խաչվանքյան, Արուտչյան» ցուցահանդեսին, որտեղ նրանք պատկերացում կազմեցին, թե ինչպես են ժամանակին ձեռքով նկարազարդել հայ հեղինակները նկարչական ամենապարզ գործիքներով, երբ դրանց դեռ փոխարինելու չէին եկել թվանշային հրաշագործները: Նաև ծանոթացան բազմաթիվ հայ հեղինակների, իմացան նրանց կյանքից հետաքրքիր և հիշարժան դրվագներ, օրինակ՝ այն, որ Չարենցը եղել է տպարանի տնօրեն, ով առաջարկում էր գրքերի տպագրման նոր ձևաչափեր: Այցը նոր շունչ հաղորդեց ակումբի անդամներին: Համատեղ աշխատելով՝ աշակերտներն ընտրեցին ընդհանուր ոճ, որով պետք է աշխատեն, և բաշխեցին աշխատանքը:
Անշուշտ, այսքանով չեն սահմանափակվում ակումբի անդամների տպավորությունները: Ավելի ուշ, երբ աշակերտներն ունեին ամսագրի պատրաստի էջերի որոշակի քանակություն, նրանց հյուր եկան «Երևան» ամսագրի գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյանը և գեղարվեստական ղեկավար Նոնա Իսաջանյանը, ովքեր օգտակար խորհուրդներ տվեցին մեր աշակերտներին, բացատրեցին էջադրման սկզբունքները և քննարկեցին համագործակցության մանրամասները:
Մարիա Ղուկասյան, 11-րդ դասարան
Կիսվել