10 բան, որ շատ ենք կարոտել «Այբ»-ում

Նախկինում հաճախ աշակերտները բողոքում էին ծանրաբեռնվածությունից ու երազում արձակուրդների մասին, սակայն ներկա դրությունը՝ ինքնամեկուսացումը, ստիպեց բոլորիս հասկանալ, թե իրականում որքան ենք սիրում մեր դպրոցական առօրյան ու կարոտում դրան։ Եկեք միասին մտովի շրջայց անենք «Այբ» դպրոցում ու տեսնենք, թե ինչն ենք ամենաշատը կարոտել։

1. Դահլիճում քնելն ու բարձերով խաղալը

Դահլիճի աստիճանները դպրոցում ավելի փափուկ են թվում, քան տան մահճակալը։ Ազատ ժամերին այնտեղ քնելն ու բարձերով խաղալը անչափ հաճելի էր, որի հնարավորությունից, ցավոք, զրկվել ենք։

2. Լազանյան, սենդվիչը և պանրիկը

«Այբ»-ի ուտելիքն իր առանձնահատուկ համն ու հոտն ունի։ Երեխաների մեծամասնության կողմից շատ սիրված լազանյան ու սենդվիչը և հետճաշիկի պանրիկը արդեն քանի ուրբաթ կարոտել են մեզ, մենք էլ՝ նրանց։

3. Միջավայրն ու ընկերները

Ամենաշատը մենք կարոտել ենք մեր ընկերներին, որոնց հետ սովոր էինք անցկացնել մեր առօրյան, ինչպես նաև այն միջավայրը, որում շփվում էինք միմյանց հետ։ Սխալ կլինի այդ ամենն անվանել դպրոցական հարաբերություններ։ Չէ՞ որ մենք արդեն վերածվել ենք մի մեծ ընտանիքի ու բավական բարդ է այդ ընտանիքից տևական ժամանակ հեռու գտնվելը։

4. Խոտերին նստած՝ ֆուտբոլ դիտելը

Գարնանը դպրոցի ամենահետաքրքիր ու սպասված միջոցառումներից մեկը ֆուտբոլի ներդպրոցական առաջնությունն է, որը հնարավորություն է տալիս ամեն շաբաթ նստելու խոտերին ու երկրպագելու մեր սիրելի թիմերին։

5. Դասամիջոցներին ֆիզկուլտուրայի դահլիճում գնդակը ցանցը նետելը

Մեր ունեցած հինգ րոպեն սպորտդահլիճում ծախսելը հաճախ ամենաճիշտ որոշումն է լինում։ Եկե’ք մի պահ պատկերացնենք, որ հիմա հենց այնտեղ ենք և փորձում ենք գնդակը հասցնել ցանցին, ու հանկարծ լսվում է ընկեր Սողոմոնյանի հարազատ ձայնը. «Առանց մարզակոշիկի երեխաները դուրս գան դահլիճից» ։)

6. «Շկաֆչիկները»

Թեպետ մենք մեր «շկաֆչիկներում» առանձնապես յուրօրինակ իրեր չենք պահում, սակայն դրանք մեզ այնքան հարազատ են... Ամեն օր գնում բացում ենք մեր անձնական պահարանն ու վերցնում այնտեղից մեզ անհրաժեշտ իրերը։

7. Սղարանները

Ամենհաճելի պահերից մեկն էլ սղարաններում ընկերներով սահելու արկածներն են։ Թույլ տանք մեր երևակայությանը մեզ տանել մեր դպրոցի սղարաններն ու պարգևել մեզ լիաթոք ծիծաղ։

8. Դաշնամուր նվագելը

Անկախ նրանից՝ տիրապետում ենք դրան, թե ոչ՝ բոլորս գոնե մեկ անգամ փորձել ենք նվագել դահլիճի դաշնամուրը։ Երբեմն էլ ուղղակի նստում ու լսում ենք մեր տաղանդավոր ընկերների նվագը։

9. Քիմիայի լաբորատորիան

Քիմիայի լաբորատորիան իր ուրույն տեղն ունի այբեցիների սրտում։ Այնտեղ անցկացված ժամանակը պարգևում է միաժամանակ լարված, զավեշտալի ու անմոռանալի պահեր։

10. Դասերը

Եվ, իհարկե, մենք շատ ենք կարոտել մեր դասերին։ Այն դասերին, որոնց ժամանակ ունեինք հնարավորություն վայելելու մեր հրաշք ուսուցիչների հետ կենդանի շփումը։ Իսկ գարնանային արևոտ եղանակը մեզ հաճախ հնարավորություն էր ընձեռում դասերն անցկացնելու բացօթյա ձևաչափով, ինչն էլ ավելի էր մեզ լիցքավորում դրական էներգիայով։

Մենք կարոտել ենք մեր դպրոցի հետ կապված ամեն մանրուքի ու դպրոցին՝ ամբողջությամբ։

Նարե Սուքիասյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>