Այբլանդիայի հրաշքները. ինչպես աշակերտները բուժեցին Ձմեռ պապին

Տեղի ունեցավ աշակերտների կողմից շատ սպասված ամանորյա միջոցառումը, որը համաճարակային պայմանների պատճառով հետաձգվել էր: Հանդիսատեսներն անմիջապես հայտնվեցին Այբլանդիայի հրաշալի երկրում: Միջոցառումը սկսվեց աշակերտների մտահոգ խառնաշփոթով. նրանք անհանգստանում էին, թե որտեղ է Ձմեռ պապը և ինչպես են իրենք սկսելու միջոցառումը: Ձմեռ պապը հայտարարեց, որ վարակվել է կորոնավիրուսով և չի կարող գալ: Աշակերտները սկսեցին մտորել իրենց անելիքների մասին: Որոշեցին բուժել Ձմեռ պապին: Աշակերտները պետք է գտնեին Այբլանդիայի ծաղկեփունջը, որպեսզի փրկեն Ձմեռ պապին: Այն կազմված է 5 ամանորյա ծաղիկներից, որոնք պետք է ի հայտ գան հրաշքների և բարի գործերի շնորհիվ:

Նրանք բեմ հրավիրեցին «Այբ»-ի երաժշտախմբին, որպեսզի դրական զգացողություններ առաջացնեն: Խմբի կատարումները հրաշալի էին, դահլիճը ողողվեց հանդիսատեսների բուռն ծափահարություններով, և տեղի ունեցավ առաջին հրաշքը՝ հայտնվեց ամանորյա բուժիչ ծաղիկը: Հաջորդ ծաղիկի համար այբեցիները դիմեցին հումորի օգնության: 11-րդ դասարանի աշակերտ Նարեկ Դավթյանը հանդես եկավ մենախոսական ելույթով, որում պատմեց «Այբ»-ի աշակերտների ձմեռային արձակուրդների և ընդհանրապես առօրյայի ծիծաղաշարժ պահերի մասին: Երրորդ ծաղիկը նվիրեց անկրկնելի երգչախումբը «Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես» և «Քրիստոսի ծնունդը» երգերով: Այնուհետև կատարվածը փոքրիկ անակնկալ էր, քանի որ իր գործունեությունը վերսկսել է «Այբար» պարախումբը, և նրա առաջին կատարումը տեղի ունեցավ հանդեսի ժամանակ: Առաջին պարը Մուսա լեռան ամենահայտնի պարերից մեկն էր՝ դափկին: Մյուս պարը Վասպուրականի պարերից էր՝ Մշո խըռը: Վերջին պարը «Ռոստամ Բազին» էր, որը Պարսկահայքի պար է և եկել է Կապուտան լճի շրջակայքից: Ռազմապար է: Պարերն օգնեցին գտնելու ամանորյա ծաղիկներից ևս մեկը՝ մեր մեջ արթնացնելով հայկական ոգին:

Պարերից թողնված մնայուն տպավորությունը փոխարինվեց 11-րդ դասարանի աշակերտների մեմարվեստի խենթություններով. նրանք ներկայացրին Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանի» իրենց տարբերակը։ Աշակերտները ցույց տվեցին իրենց բեմական վարպետությունը և գրավեցին հանդիսատեսների սերը. նաև սպասված ծաղիկը հայտնվեց։

Բեմադրության ավարտից հետո կատարվեց «All I Want For Christmas» երգի կարաոկե տարբերակը, և բոլորը սկսեցին երգակցել: Երգի ավարտին հայտնվեց գրություն, որն ազդարարեց ամանորյա հրաշքի մասին։

Բոլոր հեքիաթներն էլ ունենում են ավարտ, և հենց այսպես ավարտվեց Այբլանդիայի մասին հեքիաթը: Կարևորը՝ վերջում հաղթեց բարին, իսկ Ձմեռ պապը վերջապես ապաքինվեց:

Սյուզաննա Խալաթյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>