Այբական խաղեր 2019.  օրվա հետաքրքիր դրվագները՝ մեկ շնչով

Գնդակ, վազք, թռիչքներ և անկումներ. ամեն ինչի մասին գրված է, լուսաբանված և նկարահանված, սակայն թե ի՛նչ էր կատարվում իրականում, ի՛նչ անցուդարձ էր ներսում, թերևս մնացել է կադրից դուրս: Եկե’ք մեկ րոպեով շրջենք այբական միջանցքներում և հավաքենք օրվա հետաքրքիր դրվագները:

Մտնե՞նք խոհանոց: Լի սեղաններ, ժպտերես և բարեհամբույր կամավոր-վաճառողներ, եռացող աշխատանք: Կամավոր գրանցվելով խոհանոցում՝ աշակերտները կամավոր են գրանցվում նաև իրենց ընկերների սրտում` «Այբ»-ի աշակերտին ծանոթ և սիրելի «խծբ» սկզբունքով: «Ինձ մի կտոր պիցցա կտա՞ս», «այն թխվածքը շատ գեղեցիկ տեսք ունի». ահա այն արտահայտությունները, որոնք աշխատեցին հեռու մնալ Ջեննիի ականջից, սակայն լսվեցին մեր կամավորների ականջներին ամբողջ օրվա ընթացքում: Շնորհակալություն բոլոր կամավորներին` ընկերներին օգնելու և չօգնելու հարցում, քանզի երկու դեպքում էլ գործում էին «Այբ»-ի աշակերտի սկզբունքների համաձայն:

Դուրս գանք ջերմ ճաշարանից և տեղափոխվենք դպրոցի բակ: Թենիս, ֆուտբոլ, վոլեյբոլ և բասկետբոլ. բոլորը վազում էին, շտապում մասնակցել այս խաղերին, սակայն խաղից դուրս ամեն ինչ ավելի հետաքրքիր էր. բարձր երաժշտությունը, բակում պարող ու զվարճացող աշակերտները, «Այբ»-ի հին ու նոր սերունդները և ամբողջ «Այբ» համայնքը ստեղծել էին մի ջերմ ընկերական միջավայր, որտեղ կարևորը մարդկային պարզ շփումն ու սերն էր: Այսօր այբեցիները ստիպված չէին մտածելու աշխատանքի, ստուգողականների և տնայինների մասին: Այբական խաղերը տոն էին. ուսուցիչներն ու աշակերտները վայելում էին օրը միասին:

Կարևոր չէր, թե ով կհաղթեր խաղում. հաղթանակն ամբողջ «Այբ» համայնքինն էր: Իրարանցում էին ստեղծում նաև բակում վազվզող փոքրիկ հյուրերը, որոնք շտապում էին անընդհատ մի սղարանից մյուսը։ Ի դեպ, սղարանն այնքան գրավիչ է, որ հյուրերից շատերը հենց դրա համար են ցանկանում ընդունվել «Այբ» դպրոց (ես պատկանում եմ այդ մարդկանց թվին), սակայն ընդունվելուց հետո հազիվ թե երկու-երեք անգամ օգտվեն դրանից:

Օրվա կարևոր իրադարձություններից էր նաև Գ մասնաշենքի տանիքի բաց լինելը. էլ ի՞նչ այբեցի, եթե մեկ անգամ չի փորձել բարձրանալ տանիք, և դրա փակ լինելու պատճառով այցերն անընդհատ խափանվել են: Բայց տոնական օրվա վերջում՝ մայրամուտին, տանիքում ընթրում էին «Այբ»-ի շրջանավարտները:

Կարծես թե եղանք ամեն տեղ` ծանոթացանք մրցապայքարի ու հաղթողների ստվերում մնացած իրադարձություններին, և ամեն ինչ ասված է: Այսպիսով եկեք դնենք այսօրվա վերջակետը` մյուս տարի նոր նախադասություն սկսելու ակնկալիքով:

Սիլվի Գևորգյան, 11-րդ դասարան

Tweets by AybSchool
>