Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցան 7-րդ Այբական խաղերը։ Կան մարդիկ, առանց որոնց նվիրվածության ու աշխատանքի Այբական խաղերն անհնար է պատկերացնել։ Այս հոդվածը նվիրվում է նրանց։
«Այբ»-ում էլ ի՞նչ միջոցառում առանց Ջենիի՝ գործունյա, անսպառ էներգիայով և վառվռուն աչքերով։ Այբական խաղերի ժամանակ Ջենին ամենուր է․ խնդիր կա ճաշարանում, նա ճաշարանում է. խնդիր կա սպորտային խաղերի կազմակերպման հարցերում, Ջենին ունի լուծումը։ Ջենին աչքի է ընկնում դժվար խնդիրներին հեշտ լուծում տալով, և դա նրա գլխավոր առանձնահատկությունն է։ Ջենին աշակերտների սիրված Հերոսուհին է։
Առանց «Այբ»-ի «շտապօգնություն» ընկեր Սամվելի՝ Այբական խաղերը կիսատ կլինեին։ Միշտ ժպիտը դեմքին է և պատրաստակամ օգնելու։ Նրա ձեռքից ամեն ինչ գալիս է։ Խաղերի նախորդ օրը նա նախապատրաստում է սենյակները, պատրաստում տաղավարները, իսկ հենց խաղերի օրը աշխարհի ամենահամեղ հոթ-դոգերն է սարքում այբեցիների համար։ Խաղերից հետո ընկեր Սամվելը դպրոցը խնամքով վերադարձնում է նախնական վիճակին, որպեսզի հաջորդ օրը մենք վերադառնանք դասերին։ Ընկեր Սամվելն առանձնահատուկ է իր բազմաշնորհությամբ։
«Այբ»-ի շեֆ-խոհարար Ալեքսանդրը եթե չաներ իր գործը, ապա Այբական խաղերը չէին լինի այդքան «համեղ»։ Հանգիստ, հավասարակշռված Սաշան պատասխանատու է խոհանոցի բնականոն աշխատանքի համար։ Երբ Սաշան կա, այբեցիները կարող են վստահ լինել՝ առողջարար սնունդն ապահովված է։
Դե իսկ ՏՏ բաժնի Տիգրանի բացակայության դեպքում Այբական խաղերը կվերածվեին 20-րդ դարի «բանակի քեֆի»։ Տիգրանը պատասխանատու է տեխնիկական բաժնի, երաժշտության ընտրության և լուսային էֆեկտների համար։ Նա աչքի է ընկնում համեստությամբ ու չի սիրում, երբ նրան գովում են կատարած աշխատանքի համար։
Այբական խաղերի անվտանգության աշխատակիցների դերը ևս արժանի է գնահատականի։ Նրանք ապահովում են Այբական խաղերի անվտանգ, անխափան ընթացքը։ Դպրոցում ի՞ր ես կորցրել. հոգ չէ, անվտանգության տղաները կգտնեն ու կվերադարձնեն։
«Այբ»-ում յուրաքանչյուրի աշխատանքը կարևոր է։ «Այբ»-ը մեկ ընտանիք է, և բոլորս պատասխանատու ենք մեր տան ու մեկս մյուսի համար։
Վահե Դաբաղյան
12-րդ դասարան