«Այբապատում» նախագծի շրջանակում սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր էինք ուղևորվել «Այբ» ավագ դպրոցի աշակերտներս: Մենք ժամանեցինք Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց, որտեղ անցկացվում էր փառատոն՝ զինվորական և մարտական ներկայացումներով և դասախոսություններով: Ընթացքում մեզ համար շրջայց անցկացրին գյուղի դպրոցականներն իրենց դպրոցի տարածքում և ներկայացրին իրենց առօրյան: Նրանք զբաղվում էին մեղվապահությամբ, և դպրոցից մի փոքր այն կողմ տեղադրված էին մեղվի փեթակներ: Ընկեր Սամվելը նշեց, որ այս ամենը հնարավոր է դառնում միայն իրենց աշակերտների նվիրվածության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Նաև դպրոցը շրջապատված էր նորատունկ տնկիներով և ծառերով:
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղը գտնվում է սահմանից 1,5 կմ հեռավորության վրա, և վերջին հայ-ադրբեջանական բախումների ժամանակ դպրոցի տարածք 5 արկ էր նետվել: Չնայած սրան՝ բնակիչները չէին ընկճվել և այդ արկերի ընկած վայրերում այգի էին տնկել: Նախագիծն էլ անվանել էին «Զարկած տեղը էլի կծաղկի»:
Դպրոցի տարածքում կար արհեստանոց, որտեղ աշակերտները ուսուցչի օգնությամբ պատրաստում էին փայտից տարբեր կենցաղային և դեկորատիվ իրեր: Դպրոցն ուներ ինժեներական ակումբ, որը հագեցած էր ժամանակակից տեխնիկայով: Այնուհետև մենք մասնակցեցինք տարատեսակ դասախոսությունների և միջոցառումների: Իսկ երեկոյան մեզ հյուրընկալեցին դպրոցի աշակերտներն իրենց տներում, և մենք շրջեցինք գյուղի տեսարժան վայրերով: Գիշերն անցկացրինք աստղազարդ երկնքի տակ՝ խարույկի շուրջ: Երգում էինք, զրուցում և տարատեսակ խաղեր խաղում:
Զարմանալի էր, թե որքան ակտիվ և հագեցած առօրյայով էին ապրում այս գյուղի բնակիչները: Նրանց տեսնելիս հասկանում ես, որ հայոց սահմանները ապահով են, քանի դեռ այնտեղ բնակվում են այսպիսի մարդիկ: Երկրորդ օրը մենք պետք է մատուցեինք մեր պատրաստած դասերը: Ըստ նախատեսված դասացուցակի՝ յուրաքանչյուրս անցկացրինք մեր դասերը: Երեխաները մեծ հետաքրքրությամբ և ուշադրությամբ էին լսում: Դասերը շատ տարբեր էին՝ սկսած բնագիտական առարկաներից, վերջացրած հիմնավորող (մոտիվացիոն) նամակ գրելու դասով: Օրն ավարտեցինք հայկական ազգային պարերով: Գյուղի բնակիչները մեզ շատ ջերմ էին հյուրընկալել, և բաժանումը դժվար էր մեզ համար: Ահա այսպիսին է կյանքը սարերի գրկում թաղված Ներքին Կարմիրաղբյուր գյուղում:
Սյուզաննա Խալաթյան, 11-րդ դասարան
Կիսվել