Ազգային կինոկենտրոնի և «Այբ» դպրոցի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայ կինոյի 100-ամյակին ընդառաջ կրթական հաստատությունների հետ սկսել է դպրոցականների համար իրականացնել հայկական կինոժառանգությանն առնչվող նախագծեր։ Նախաձեռնության նպատակն է դպրոցականների մեջ հետաքրքրություն առաջացնել ազգային կինոժառանգության նկատմամբ, ոչ միայն ծանոթացնել, այլև հնարավորություն տալ նրանց նորովի՝ 21-րդ դարի ընկալումներին և պատկերացումներին համահունչ, ստեղծել նոր գործեր՝ հիմքում ունենալով հայրենական կինոժառանգության նմուշները։ Սա յուրօրինակ հնարավորություն է հասկանալու, թե ինչպես է հայկական վաղ շրջանի կինոն կամ առհասարակ հայ կինոն ընկալվում և մեկնաբանվում այսօր։


Այս առիթով Հայաստանի ազգային կինոկենտոնի և «Այբ» դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով «Այբ» դպրոցը հանդես է գալու որպես կրթական գործընկեր: Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել գիտակրթական, մշակութային-ժամանցային ծրագրեր. աշակերտները կծանոթանան հայկական դասական կինոարվեստին և կստեղծեն իրենց սեփական կինոարտադրանքը։ Երկու կառույցների ղեկավարները՝ Շուշանիկ Միրզախանյանը և Դավիթ Սահակյանը, կարծում են, որ հուշագրի վավերացումը բխում է երկու կառույցների շահերից՝ ընդլայնելով գործակցության հնարավորությունների շրջանակը։

«Դպրոցը յուրաքանչյուր երկրում իր կրթական առաքելությամբ իրականացնում է նաև մշակութային ժառանգության զարգացումն ու փոխանցումը։ Այս համատեքստում հայ կինոն նույնպես դիտարկում ենք որպես մեր ինքնության ու մշակույթի ուրույն մասը, իսկ հարյուրամյակը լավ հնարավորություն է այդ առաքելությանը ծառայելուն»,- նշել է «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը։ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի դիտարկամբ էլ երեխաների հետ աշխատելը ոչ միայն հաճելի ու հեռանկարային է, այլև թարմ գաղափարներ ու նոր լիցքեր ստանալու և զարգացնելու հիանալի առիթ է։

Հուշագրի համաձայն՝ համագործակցությունն իրականացվելու է հետևյալ ուղղություններով։ «Այբ» դպրոցի դահլիճում տեղի են ունենալու ֆիլմերի բաց և փակ ցուցադրություններ, դպրոցի սաները ստեղծելու են կրթական խաղեր, աջակցելու են «Վիքիպեդիայի» նյութերի խմբագրմանը և թարգմանությանը, ստեղծելու են գրական ստեղծագործությունների հիման վրա նկարահանված հայկական ֆիլմերի մասին փոդքաստների շարք, նաև սոցիալական հարթակների համար պատրաստելու են տեղեկատվական հոլովակներ։ Բացի դրանից, կազմակերպվելու է «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ֆիլմարտադրության և «Արվեստանոց» ակումբների ստեղծած արտադրանքի՝ ֆիլմերի և պաստառների ցուցադրություն։

Համագործակցության շրջանակում հայկական կիոնարվեստի մասին ստեղծված ողջ բովանդակությունը նաև տարածվելու և ներկայացվելու է հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում:

Աշակերտներին բովանդակության հարցում խորհուրդներով աջակցելու են Ազգային կինոկենտրոնի մասնագետները:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>