Հոկտեմբերի 14-ին 6-րդ անգամ տոնեցինք «Այբ» համայնքի ամենասիրելի տոնը՝ Այբական խաղերը։ Այդ օրը համայնքի անդամները մասնակցում են սպորտային խաղերի, միտքը զարգացնող մրցավեճերի ու, իհարկե, համեղ ուտեստներ են ճաշակում։ Այո՛, սպորտից բացի, Այբական խաղերի կարևոր և անբաժան մասն են կազմում սննդի տոնավաճառը և հուշանվերների անկյունը, որոնցից ստացված ամբողջ հասույթն ամեն տարի ծառայում է «Այբ»-ի խնդիրների լուծմանը։ Այս տարվա հասույթն ուղղվելու է «Այբ» դպրոցի պահարանների ձեռքբերմանը և Դիլիջանի կենտրոնական դպրոցի բակում տաղավարի կառուցմանը։
Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով՝ դպրոցի աղջիկների երգչախմբի կատարմամբ։ Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը, ինչին հաջորդեց «Այբ» համայնքի նոր անդամների՝ նորեկ աշակերտների, ուսուցիչների և ծնողների խոստման արարողությունը։ Այնուհետև սկսվեց միջոցառման ամենաուրախ՝ բուն խաղերի հատվածը։
Եկեք շրջենք «Այբ»-ի տարածքով և հետևենք մասնակիցներին։ Ամենուր լարված և ակտիվ մթնոլորտ է տիրում։
Դպրոցի մարզադահլիճը և կից խոտածածկ դաշտերը զբաղեցրել են բասկետբոլի, ֆուտբոլի և վոլեյբոլի սիրահարները։
Նույնիսկ հանդիսատեսն է ակտիվ ներգրավված լարված և համառ պայքարում։ Գ մասնաշենքի նախասրահում, մարմնակրթության ուսուցիչ Աշոտ Սողոմոնյանի մրցավարությամբ, սեղանի թենիսի առաջնություն է ծավալվել։ Վերևում շախմատի մրցումներն են։
Թեպետ միջոցառումը հիմնականում մարզական է, բայց սա ևս մեկ առիթ է՝ հյուրերին և համայնքի անդամներին ցուցադրելու մեր աշակերտների նախորդ տարվա աշխատանքների արդյունքները։ Նախագծային ուսումնառության ակումբների «Մի կտոր երևանցին», «Թաքնված գանձերի հետքերով» և «Համով Հայաստան» նախագծերը ներկայացվեցին հյուրերի դատին, որոնց անչափ տպավորեց մեր աշակերտների ստեղծագործ միտքը։
Ստեղծագործել «Այբ»-ում սովորեցնում են դեռ վաղ տարիքից։
Բոլոր հյուրերի ու մասնակիցների սիրելի հատվածը ամենափոքրերի համար նախատեսված ստեղծագործական անկյունն է, որտեղ նրանք նկարում ու գունազադրում են։ Մեծագույն հաճույք է հետևել նրանց աշխատանքին։
Փոքրերի ու մեծերի թեման կարծես թե շատ ակտիվ է քննարկվում։ Օրվա ամենասպասված խաղերից մեկը՝ «100-ը 1-ի», հիանալի միջոց է հասկանալու համար՝ ճիշտ են արդյոք ծնողները, երբ կարծում են, թե հասկանում են իրենց փոքրիկներին։ Խաղի ժամանակ ծնողները պետք է փորձեն հասկանալ երեխաների տրամաբանությունը, ճիշտ կողմնորոշվեն և հարցերին պատասխանեն նույն կերպ, ինչ երեխաները, որոնց նախապես տրվել էին նույն հարցերը։ Խաղը, ինչպես և ակնկալվում էր, անցավ հաճելի և ուրախ մթնոլորտում: Ե՛վ մասնակիցները, և՛ հանդիսատեսը մեծ բավականություն ստացան:
Մեկ այլ լարված ու հետաքրքիր խաղ էր սպասվում «Հայաստան» դահլիճում, ուր տեղի ունեցավ «Բրեյն ռինգ»-ը։ Այստեղ մասնակիցներն ավելի շատ էին, պայքարը՝ ավելի թեժ։ 14 թիմում ընդգրկված էր մոտ 100 մասնակից։ Լարվածությունը գնալով մեծանում էր, քանի որ հարցերն էլ իրենց հերթին էին բարդանում։ Ի վերջո բազում հետաքրքիր և լարված փուլերից հետո հաղթող ճանաչվեց «Ադամանդ» թիմը։
Էլ ի՞նչ Այբական խաղեր առանց պարերի։ «Այբ» դպրոցի պարի խմբի՝ «Այբարի» անդամները հյուրերին սովորեցնում էին ազգագրական պարեր։ Վերջում, իհարկե, պետք է լինի ավանդական շուրջպարը, որը միավորում է «Այբ» համայնքի բոլոր անդամներին և կարծես դարձած լինի այբական միջոցառումների խորհրդանիշը։
Խաղերին հաջորդեց հարիսայի օրհնման և հյուրասիրության արարողությունը։ Ո՜նց ենք այբեցիներս սիրում այդ համեղ հարիսան, որը երբեք ոչ մի տեղ այնքան համեղ չի լինում, որքան Այբական խաղերի օրը։
Օրն ավարտվում է դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանի կողմից մրցանակակիրների պարգևատրմամբ։
«Այբ» համայնքի անդամները սիրով և անհամբերությամբ արդեն սպասում են հաջորդ՝ 7-րդ Այբական խաղերին։
Վահե Դաբաղյան, 11-րդ դասարան
Էլլա Ավագյան, 10-րդ դասարան
Աննա Նարիմանյան, 8-րդ դասարան