«Այբ 2.0» ծրագրի մասնակից աշակերտները մեկ օր անցկացրին դպրոցում

«Երբ «Այբ» դպրոցի որևէ միջոցառմանը մասնակցելու հնարավորություն է լինում, բոլորին քաջալերում ենք մասնակցել»,— ասում են «Այբ 2.0» կրթական նախագծի փորձնական ծրագրի 14 մասնակիցները՝ մարզերի տարբեր դպրոցներից ժամանած 9-րդ դասարանցիները։ Նրանք մեծ բավականությամբ են հիշում բնագիտական և հումանիտար առարկաների դասընթացները, որոնց մասնակցել են տարեսկզբին։ Ծրագիրն իրականացրել են «Այբ» հիմնադրամն ու «Այբ» դպրոցը՝ այդպես հիմք դնելով «Այբ» կրթական հիմնադրամի հիբրիդային կրթության նախագծին: Ծրագրի փորձնական փուլի առաջին մասնակից աշակերտներն այցելեցին «Այբ» դպրոց։

Եթե մինչ այժմ ծրագրի մասնակիցները ծանոթացել էին միայն «Այբ» դպրոցի դասապրոցեսին, ապա այժմ, մեկ օր անցկացնելով դպրոցում, տեսան, թե ինչպես է անցնում այբեցիների սովորական օրը: Թերևս հետո նրանք հասկացան, որ «սովորական»-ը հարաբերականորեն է ասված:

Նրանց համար շաբաթ օրը սկսվեց շրջայցով: «Այբ» ավագ դպրոցի աշակերտները ներկայացրին մասնակիցներին «Այբ» դպրոցի մասնաշենքերը՝ նշելով անգամ ամենափոքր, սակայն մեր կողմից սիրված մանրամասները՝ մասնակի կամ ամբողջովին ապակեպատ սենյակներն ու դասարանները (որոնք խորհրդանշում են մեր համայնքի թափանցիկ, այսինքն՝ բաց լինելը), սղարանները՝ ժամանակ խնայելու համար, վերելակը, սակայն դրանից օգտվելուց խուսափելու պատճառները և դրա փոխարեն սանդուղքը, այսինքն՝ առողջ ապրելակերպը, նախընտրելու սովորույթը և այլն:

Շրջայցի վերջում աշակերտներից մի քանիսը «Հայաստան» դահլիճում դաշնամուր նվագեցին և ամփոփեցին օրվա տպավորությունները հաճելի զրույցով:

Այբեցիներն ամենից շատ սիրում են ազգային պարերը: Դրանք կարծես դպրոցի խորհրդանիշը լինեն: Երբ աշակերտները հավաքվում են, հնչում է երաժշտությունն ու այլևս անհնար է դիմադրել պարին միանալու գայթակղությանը: Այս առանձնահատկությունը, իհարկե, հայտնի դարձավ և մեր փոքրիկ հյուրերին: Նրանց հետ մենք պարեցինք Կարնո քոչարի, փափուրի, «Ալաշկերտ» ազգային պարերը:

Ճաշի ժամին 9-րդ դասարանի աշակերտները հայտնաբերեցին, որ ճաշարանը դատարկ է: Ինչո՞ւ: Որովհետև միշտ այս օրն այս ժամին դրսում ֆուտբոլի խաղ կա: Միջսերնդային, միջդասարանական, ներդպրոցական առաջնություն... Կարևոր չէ, բոլորը դուրս են գալիս հետևելու խաղերին և ոգևորելու իրենց սիրելի թիմին:

Օրվա ամենակարևոր ու հետաքրքիր իրադարձությունն այն էր, որ հյուրերը ծանոթացան նախագծային ուսումնառությանը և անգամ մասնակցեցին ակումբների դասերին: Որոշ աշակերտներ միացան ինժեներներին, մյուս մասը՝ ֆիլմարտադրողներին և հետևեցին հասարակական որևէ էական խնդիր լուծող գաղափարի իրականացման գործընթացին:

Փորձնական հեռավար ուսուցման ծրագրի մասնակից 9-րդ դասարանցիները հագեցած օր ունեցան: Նրանց այցելությունն «Այբ» ավագ դպրոց ավարտվեց, սակայն նրանք խոստացան, որ հետագայում կվերադառնան, գուցե արդեն ոչ հյուրի կարգավիճակով:

Մերի Ղուլյան, 12-րդ դասարան

***

«Այբ» հիբրիդային կրթություն. գերազանցություն յուրաքանչյուրի համար, ամենուրեք

«Այբ» հիբրիդային կրթությունը միջազգայնորեն մրցունակ և համապարփակ կրթական մոդել է՝ հիմնված «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագրի վրա։ Այն նախագծային կրթություն է։ «Այբ հիբրիդային կրթություն» ծրագիրը նախագծված է Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրակրթական դպրոցների 10-րդ դասարանցիների համար։

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն ավագ դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելն է, նրանց գործնական մտածողության, հետազոտական ու վերլուծական հմտությունների ձևավորումն ու զարգացումը և երկրին նվիրված, սեփական ինքնությանն ու արժեքներին հաղորդակից երիտասարդների համայնքի ձևավորումը։

Հայաստանի ու Արցախի բոլոր 10–րդ դասարանցիների համար այս ծրագրի գրանցումը դեռ բաց է, Ծրագրի մանրամասները՝ այստեղ։

Կիսվել

Tag News Tag Լուրեր Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>