«Այբ»-ի հոբելյանական տարին սկսում ենք ուսուցչական վեբինարների շարքով։
Այս տարի նշում ենք «Այբ» կրթական հիմնադրամի 15-ամյակը և «Այբ» դպրոցի հիմնադրման 10-ամյակը։ Վերահաստատելով այբական առաքելությունը և չշեղվելով «Այբ»-ի հիմնարար սկզբունքներից՝ շարունակում ենք հաղորդակից դարձնել մեր կրթական գործիքակազմին ու փորձին այն վեբինարների շարքով, որ հաջողությամբ սկսել ենք իրականացնել անցած գարնանից՝ ինքնամեկուսացման և հեռավար ուսուցման ժամանակ։
Այսպես՝ ութ առարկայախումբ, տասը վեբինար։ Յուրաքանչյուր շաբաթ «Այբ» դպրոցում դասավանդող առարկայախմբերի ուսուցիչներն առցանց ձևաչափով կպատմեն իրենց առարկայի դասավանդման նոր մոտեցումների մասին, կներկայացնեն «Այբ»-ում կիրառվող գործիքակազմը, դասարանային աշխատանքի հմտությունները և այլն։
«Այբ»-ի ուսուցիչները վեբինարների ժամանակ կպատասխանեն մասնագիտական հարցերին։ Թեմատիկ ուսուցչական վեբինարների մասին ավելի մանրամասն կպատմենք տվյալ շաբաթվա ընթացքում։
Կիսվել