Հանդիպում փիլիսոփա, դիվանագետ Աշոտ Ոսկանյանի հետ

«Այբ» դպրոցում հյուրընկալել էինք փիլիսոփա և դիվանագետ Աշոտ Ոսկանյանին՝ քննարկելու ՀՀ անկախության պատմական և աշխարհաքաղաքական կողմերը և Արցախի հետ կապված բարդ խնդիրները:

Մեր հայրենիքում ծավալվող ցավալի իրադարձությունները անպատասխան հարցեր էին առաջացրել յուրաքանչյուրիս համար, ուստի հանդիպումը հնարավորություն տվեց ունկնդրելու մասնագետի կարծիքը, հասկանալու Արցախյան հիմնախնդրի պատմական ծագումն ու դրա շուրջ ծավալված գործողությունները թե՛ առաջին Հանրապետության, թե՛ Խորհրդային Հայաստանի ժամանակ: Պարոն Ոսկանյանի փորձառությունն ու մասնագիտական կարծիքն անչափ հետաքրքրում էին մեզ, ուստի Հայաստան դահլիճում հավաքվել էին ավագ դպրոցի գրեթե բոլոր աշակերտները և ուսուցիչները, և ծավալվել էր ուշագրավ քննարկում:

Նախ ծանոթացանք ՀՀ անկախությանը հանգեցրած պատմական համատեքստին և ապա քննարկեցինք անկախության հռչակման հետ կապված նախապատմությունն ու հիմնական իրադարձությունները: Փորձեցինք խորապես հասկանալ Արցախյան շարժման նշանակությունը Հայաստանի Հանրապետության հռչակման հարցում. ինչո՛ւ մարդիկ մասնակցեցին Արցախյան շարժմանը, ինչպե՛ս շարժումը դարձավ հանրապետության հռչակմանը նպաստող կարևորագույն գործոններից մեկը, ինչպե՛ս հայությունը պատրաստվեց անկախությանը:

Հանդիպման շնորհիվ կարողացանք գիտակցել և արժևորել Արցախը և Արցախյան շարժման դերը ՀՀ այժմյան պատմության կերտման մեջ՝ նաև քննելով Արցախին առնչվող ներկայիս խնդիրները և մարտահրավերները: Հասկացանք, որ «Արցախի հարցը ոչ թե տարածքի հարց էր, այլ երրորդ Հանրապետությունը ստեղծող գործոն...»:

Անժելա Մաթևոսյան

12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>