«Արվեստանոցը» ստեղծում է հայկական հեղինակային կինոյի յուրահատուկ «Կինոմշակույթ»

Վերցնել ներկապնակը, գույներից՝ կապույտը, իսկ ահա դրա կողքին վերջին դիտածդ ֆիլմի մասին տպավորությունների գունային խիտ խառնուրդն է, որը վերցնելն առավել խելամիտ կլինի և որն անպայման օգտագործվում է բոլոր ֆիլմերի պաստառները նկարելիս։

Տարեսկզբին «Արվեստանոց» նախագծային ակումբի մեկնարկած «CinemArt» նախագծի շրջանակում ակումբի անդամները հանձն են առել հայ ժամանակակից հեղինակային ֆիլմերին հանրությանը ծանոթացնելու գործը՝ որպես միջոց ընտրելով այդ ֆիլմերի համար պաստառներ պատկերելը։ Սակայն մինչև վերջնական՝ պաստառների պատկերման փուլին հասնելն ու տպավորություններով լեցուն գունային այդ խիտ խառնուրդը ստանալը ակումբը երկար ճանապարհ է անցնում։

Ռեժիսորների հետ կապի հաստատումն այդ ճանապարհի առաջին կանգառներից է։ Նախագծում ընդգրկված ավելի քան քսան ժամանակակից հայ ռեժիսորների հեղինակած ֆիլմերն են, որ դառնում են պաստառների բովանդակային հենքը։ Ռեժիսորների հետ կապի հաստատումից, ֆիլմերը ստանալուց ու դրանք դիտելուց հետո է, որ գալիս է հաջորդ՝ նրանց հետ հանդիպումների անցկացման փուլը։ Հենց այս կանգառում է, որ ֆիլմերը ընկալելու, դրանք հենց ստեղծողների հետ քննարկելու, կինոյի ներքին խոհանոցին ծանոթանալու ու արվեստի տարբեր ճյուղերի շաղկապվածության մեջ ևս մեկ անգամ համոզվելու հնարավորություն է ստեղծվում։ Ալեքսանդր Բաղդասարյանի, Դիանա Կարդումյանի, Աննա Արևշատյանի հետ ունեցած հանդիպումները մի քանիսն են այն ռեժիսորների հետ զրույցներից, որ արդեն իսկ հասցրել է ունենալ «Արվեստանոցն» ու որոնց շարքը նախատեսվում է ավարտին հասցնել մինչ ուսումնական տարվա վերջ։

Սակայն գունապնակում հայտնված այդ խառնուրդի հարուստ ու խիտ երանգների ապահովման գործում առանցքային են նաև այցերը թանգարաններ ու ցուցահանդեսներ։ Ազգային պատկերասրահ՝ Կամո Նիգարյանի «Թղթե ականներ» ցուցադրություն այցն էլ այն յուրահատուկ կանգառներից էր, որ պաստառարվեստի մասին առավել խոր պատկերացում կազմելու ու աշակերտների աշխատանքների նկարչական ու բովանդակային կողմին նոր լիցք հաղորդելու հնարավորություն տվեց։

Այս երկար ճանապարհի սեղմագրին կարող եք ծանոթանալ «Արվեստանոցի» նախաձեռնած և հուլիսին կայանալիք կինոփառատոնի ընթացքում, որտեղ նախատեսվում է ցուցադրել ինչպես աշակերտների հեղինակած պաստառները, այնպես էլ ֆիլմեր և կազմակերպել ռեժիսորների հետ հանդիպումներ։ «Արվեստանոցը» շարունակում է վերցնել ներկապնակն ու գաղափարային խմորումներով հարուստ գույները և համալրել արդեն իսկ պատրաստ պաստառների շարքը։

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>