Արցախյան գանձերը պահպանելու հետքերով

Նախագծային ուսումնառության ֆիլմարտադրության ակումբի այս տարվա նախագիծը նվիրված է Արցախին: Թեմայի ընտրության ժամանակ միաձայն ընտրվեց մեր ակումբի ղեկավար Արուսիկ Զախարյանի՝ Արցախի ու արցախյան մշակույթի մասին հեռուստաֆիլմ նկարահանելու առաջարկը: Որոշումը կայացրինք այն ժամանակ, երբ դեռևս պատերազմ էր ու, առանց բացառության, բոլորս համոզված էինք, որ պատերազմը շուտով ավարտվելու է ու որ մեր նկարահանումներն անցկացնելու ենք Արցախում: Բայց պատերազմի ավարտն այլ հետագա քայլեր թելադրեց մեզ: Պարզ դարձավ, որ ֆիլմի նկարահանումներն ու հարցազրույցները ստիպված ենք անցկացնել Հայաստանում:

Մեր ուսումնառության ընթացքում նպատակ ենք ունեցել ոչ միայն հետազոտել հեռուստաֆիլմերի, վավերագրական ֆիլմերի նկարահանման տարբեր եղանակներ՝ դիտելով և քննարկելով մի շարք ֆիլմեր, այլև հարստացնել մեր գիտելիքներն արցախյան մշակույթի մասին, ինչպես նաև ձեռք բերել ֆիլմ նկարահանելու իրական փորձառություն՝ դառնալով էկրաններից այն կողմ գտնվող մի մեծ աշխարհի մի մասնիկը:

Ուսումնական տարվա ընթացքում մեր դիտած և քննարկած բազմաթիվ հեռուստաֆիլմերն ու վավերագրական ֆիլմերն իհարկե որոշակի պատկերացում տալիս էին այն մասին, թե ինչպիսի արդյունք կարող ենք ունենալ մեր նախագծի վերջում, սակայն գործնականորեն իրականացրած փորձնական հարցազրույցները, կազմած սցենարներն էին ցույց տալիս, որ էկրանների այն կողմում կատարված աշխատանքն իրականում այնքան հեշտ չէ, որքան թվում է: Սակայն անժխտելի է այն փաստը, որ առանց դժվարությունների չէինք ստանա այն ֆիլմը, որն ուզում էինք:

Մեր հեռուստաֆիլմի ստեղծման աշխատանքը բաղկացած էր մի քանի փուլից: Սկզբնական շրջանում սկսեցինք ուսումնասիրել թեմաները, ընտրել խնդրահարույց, հրատապ և հետաքրքրաշարժ պատմություններն ու առկա խնդիրները: Այնուհետև կենտրոնացանք 3 թեմաների շուրջ՝ մարդ, մշակույթ, եկեղեցի: Յուրաքանչյուր խումբ սկսեց աշխատել եռագրության իր հատվածի վրա՝ կազմելով սցենարական պլան: Ֆիլմի հերոսների ընտրությունը բավականին դժվար էր, քանի որ յուրաքանչյուր հերոսի պատմություն հետաքրքրական էր ու հանրաճանաչման արժանի, ուստի մենք կանգնել էինք լավագույններից լավագույնը ընտրելու խնդրի առաջ: Փորձում էինք հնարավորինս լավ ուսումնասիրել մեր հերոսներին՝ նրանց ավելի լավ ճանաչելու, նրանցից հարցազրույց վերցնելուն պատրաստ լինելու համար:

Նկարահանման օրը թեև վախենում էինք սխալվելուց, ինչ-որ բան պակաս անելուց, բայց այն միտքը, որ մեր աշխատանքով ենք փոխհատուցում տղաների մատուցած անգին ծառայությունը հայրենիքին, մեզ ավելի ինքնավստահ ու հզոր էր դարձնում: Նկարահանումներն իրականում այնքան անմիջական ու ջերմ միջավայրում անցան, կարծես պարզապես զրուցում էինք մեր վաղեմի բարեկամների հետ: Հերոսների համար թեև դժվար էր հիշել պատերազմն ու դրա պատճառած վերքերը, որոնք դեռ չէին սպիացել, սակայն նրանք, ցավն ատամների տակ խեղդելով, պատմում էին իրենց պատմությունները: Նրանց աչքերում հույսն էր՝ ավելի ուժեղ հայրենիք տեսնելու, պատրաստակամությունը՝ այն կառուցելու, ամրությունը՝ տեսած վշտից առաջացած: Տեսնելով նրանց ժպիտն ու լավատեսությունը՝ մենք հասկացանք, որ երբևէ իրավունք չունենք տրտնջալու, այլ պիտի առաջ նայենք ու, անցյալից դասեր քաղելով, կառուցենք հզոր երկիր:

Ֆիլմը դեռևս գտնվում է մշակման փուլում, տեղի են ունենում մոնտաժի, թարգմանության աշխատանքներ: Ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունենալու հուլիսին, ցուցադրությանը ներկա են գտնվելու «Այբ» համայնքը, մեր ընկերները, ֆիլմի հերոսները, աջակիցներն ու հովանավորները:

Յուրաքանչյուրս փորձում է անել առավելագույնը արցախյան մշակույթն ու իրականությունը արժանվույնս ներկայացնելու համար: Մենք չենք բուժում եղած վերքերը, այլ ներկայացնում ենք մեր համազգային կորստի ամբողջ արժեքը՝ հույսով, որ կսկսենք գնահատել ու պահպանել այն, ինչ ունենք: Այս ֆիլմը մեր հարգանքի տուրքն է Արցախյան պատերազմի մասնակից, զոհված, վիրավոր բոլոր հերոսներին, արցախյան մշակույթը ստեղծողներին ու պահպանողներին, հավատ ու բարեխոհություն քարոզողներին: Հուսանք՝ կհավանեք ֆիլմը:

Հասմիկ Հարությունյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>