Տեղի ունեցավ «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշարի շնորհանդեսը

«ՀԲԸՄ Հայաստանի» բակում տեղի ունեցավ «Այբ» ավագ դպրոցի նախագծային ուսումնառության ֆիլմարտադրության ակումբի՝ 2020-2021 ուսումնական տարվա «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշարի շնորհանդեսը, որն աշակերտների մեկ տարվա աշխատանքի ամփոփումն էր:

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ֆիլմարտադրության ակումբը, շարունակելով գնալ թաքնված գանձերի հետքերով, այս տարի որոշել էր անդրադառնալ մերօրյա արցախյան պատերազմին՝ ներկայացնելով մարդ-մշակույթ-եկեղեցի անխախտ եռամիասնությունը:

Նախագծի նպատակն էր հանրության տարբեր շերտերի ուշադրությունը արցախյան պատերազմի հետևանքով անորոշ ճակատագրի մատնված պատմամշակութային ժառանգության վրա սևեռել, ինչպես նաև արցախյան պատերազմի պատմական հիմքը ներկայացնել: Նախագծի արդյունքում ստեղծվեցին 3 հեռուստաֆիլմեր, որոնք յուրովի են ներկայացնում պատերազմն ու դրան մասնակից կողմերին։

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին «Այբ» համայնքը, հեռուստաֆիլմի հերոսները, աշակերտների ընկերները, բարեկամները և այլք։

«Արցախ. եռաձայն պայքար» հեռուստաֆիլմի ցուցադրության օրը նախագծի անդամներն ամբողջ տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար պարգևատրվեցին հավաստագրերով, իսկ հանդիսատեսի քվեարկության արդյունքում հաղթող ճանաչված «Եկեղեցի» թիմի անդամները ստացան խորհրդանշական նվերներ։

«Արցախ. եռաձայն պայքար» եռագրությունը հասանելի է «Այբ» դպրոցի յութուբյան ալիքում։ Ֆիլմաշարը մեծ արձանգանք է գտել լայն հանրության շրջանում, իսկ ակումբի անդամ աշակերտները հյուրընկալվել են հեռուստահաղորդումներում և ներկայացրել ֆիլմաշարի ստեղծ,մ պատմությունը։

«Այբ» դպրոցում նախագծային ուսումնառության շրջանակում մշակվում և ստեղծվում են երկարաժամկետ համայնքային նախագծեր, որոնք նպատակ ունեն բարձրաձայնելու և լուծելու հանրային կարևորության խնդիրներ։ Դպրոցում գործում են տասը թեմատիկ նախագծային ակումբներ, որոնցից յուրաքանչյուրն ամեն տարի վերահաստատում է «Այբ» դպրոցի «Իմա և արա» նշանաբանի գործնական, իրագործելի ու առանցքային լինելը։

Հասմիկ Հարությունյան, ֆիլմարտադրության ակումբի անդամ

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>