Արվեստի արտադասարանային դասաժամ Քոչարի տուն-թանգարանում

«Այբ» դպրոցում արվեստի դասաժամերը ստանում են իրենց հատուկ ազատությունը՝ չսահմանափակվելով միայն դասարանային պատերով ու հնարավորություն տալով ծանոթանալու, տեսնելու ու հարաբերվելու արվեստի հետ հենց արվեստի տանը։

Այս անգամ 11–րդ դասարանի նկարչության խումբը հյուրընկալվել էր Երվանդ Քոչարի տուն–թանգարանում։ Աշակերտները հնարավորություն ստացան ծանոթանալու Երվանդ Քոչարի ստեղծագործական գործունեության տարբեր փուլերին, դրանց զարգացումներին և վայելելու հեղինակի գեղանկարները, քանդակները, սեղմումով գործերը, մանրակերտներն ու անգամ բացառիկ արժեքավոր փաստաթղթերը։ Սակայն շրջայցն առավել տպավորիչ է դառնում, երբ ոչ միայն դիտում ես արվեստագետի աշխատանքները, այլև կապում դրանք հեղինակի կյանքի հետ՝ հնարավորություն ունենալով լսելու դրանց մասին հենց Քոչարի թոռնուհուց՝ Կարինե Քոչարից, և ստանալով հետաքրքիր դրվագներով ու մանրամասներով համեմված տեղեկույթ։ Հատկանշական է այն հանգամանքը, որ Քոչարի կտավներն ու քանդակները, սփռված լինելով աշխարհով մեկ, դառնում եմ եվրոպական պատկերասրահների կամ էլ անհատական հավաքածուների մասնիկը և հաճախ զրկված լինում արվեստագետի տուն–թանգարան վերադառնալու հնարավորությունից, սակայն այս թվացյալ խոչընդոտը մոռանալ է տալիս իր մասին, երբ վերցնում ես VR ակնոցն ու փոքրիկ ճամփորդության ընթացքում բացահայտում Փարիզում կամ էլ Ռուսաստանում գտնվող քոչարյան աշխատանքները, ինչի մասնակիցն էլ եղան աշակերտները։

Արվեստի առարկաների դասընթացի շրջանակում արտադասարական նման շրջայցերը ոչ միայն կարևոր դեր են խաղում աշակերտների բազմակողմանի կրթության մեջ, այլև հրաշալի խթան դառնում՝ ներծծելու մեր կողքին ապրող արվեստն ու այս ոգեշնչումն օգտագործելու, երբ ստեղծելու կլինեն սեփական արվեստը։

Լանա Մելիքյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>