Ուսումնական արշավներ․ աշակերտների տպավորությունները

Տեղի ունեցան «Այբ» ավագ դպրոցի աշակերտների ամենամյա ուսումնական ճամփորդությունները: Այս տարի ավագ դպրոցի բոլոր սերունդների ուսումնական ճամփորդությունների համար ընտրվել էր քայլարշավի տարբերակը։ Իսկ ի՞նչ քայլարշավ առանց զբոսախնջույքի՝ մի գեղեցիկ վայրում․ չէ՞ որ արշավը, այն էլ՝ 60 հոգանոց խմբով, այնքան էլ հեշտ բան չէ: Նպատակը մեկն էր՝ համախմբել աշակերտներին և ուսուցիչներին, բարձրացնել թիմային ոգին ու ցույց տալ դժվարությունները միասին հաղթահարելու, ընկերոջը դժվար պահին միայնակ չթողնելու կարևորությունը։ Արշավի կարևոր բաղադրիչներից մեկն էլ կրթականն էր։ Ճամփորդության ընթացքում, ուսուցիչների ներգրավմամբ, աշակերտները տեսական գիտելիքներն օգտագործեցին գործնականորեն:

Այս ուսումնական ճամփորդություններում ևս մեկ նորամուծություն էր «քվեստ» խաղի կազմակերպումն արշավի ընթացքում՝ որպես գիտելիքների դրսևորման և ստուգման այլընտրանքային միջոց: Այդ խաղի միջոցով աշակերտները կարողացան ցուցադրել պատմության, օտար լեզուների, մաթեմատիկայի իրենց իմացությունը:
Արշավը կազմակերպվեց 3 տարբեր սերունդների համար՝ 3 տարբեր ուղղություններով:

Ես և իմ սերունդը՝ 10-րդ դասարանի աշակերտները, ուղևորվեցինք Խոր վիրապ, Տափի բերդ և Հրեշտակների ձոր: Եղանակը մեր կողմից էր՝ արևոտ ու պայծառ առավոտ էր: Ամեն ինչ տրամադրում էր մեզ՝ լավ ու անմոռանալի օր ունենալու: Մեր օրը սկսվեց «Այբ» ավագ դպրոցում, իսկ մեզ ուղեկցում էին «Այբ»-ի արհեստավարժ ուսուցիչներն ու աշխատակիցները՝ պատմության մասնագետներ ընկեր Նինան և ընկեր Ջուլիետան, լեզվի մասնագետներ տիկին Նունեն և տիկին Անուշը, ինչպես նաև ճամփորդությունների մեր անբաժան ուղեկիցներ ընկեր Տիգրանը և ընկեր Արմինեն: Ողջ ճանապարհին ապահովված էր մեր բարձր տրամադրությունը՝ ջերմ ընկերական միջավայրի և լավ երաժշտության միջոցով: Տեղ հասնելուն պես ստացանք «քվեստ» խաղի հարցատոմսերը և բարձրացանք Խոր Վիրապ, որտեղ էլ բաժանվեցինք խմբերի և խաղացինք քվեստը, որի հարցերը վերաբերում էին հայոց պատմությանը, արվեստի պատմությանը և օտար լեզուներին՝ իսպաներենին և գերմաներենին: Հարցերը չափազանց հետաքրքրաշարժ էին և յուրօրինակ:

Այնուհետև ուղևորվեցինք Տափի բերդ. մտանք վանք, ուսումնասիրեցինք բերդի կառուցվածքը և ամփոփեցինք քվեստի արդյունքները: Ողջ ճանապարհին աջակցում էինք իրար՝ միասին հաղթահարելով բոլոր դժվարությունները. ոտքս ճանապարհի ընթացքում վնասվել էր և դժվարությամբ էի քայլում, սակայն ողջ համայնքն իմ կողքին էր մինչև արշավի ավարտը, և ի վերջո միասին հաղթահարեցինք այդ դժվարությունը ևսJ: Հենց Տափի բերդում էլ ճաշեցինք՝ մի գողտրիկ անկյունում՝ ծառի տակ նստած: Հաճելի լռությունն ընդհատում էին թռչունների ծլվլոցները և մեր ծավալած հետաքրքիր քննարկումներն ու ծիծաղի ձայները:

Համայնքի ամբողջականությունը ցայտուն կերպով նկատվում էր ողջ արշավի ընթացքում, և ես գնալով ավելի էի համոզվում, որ մենք հասնում ենք մեր նպատակին: Այնուհետև ուղևորվեցինք Հրեշտակների ձոր: Եղանակը շարունակում էր ապահովել մեր բարձր տրամադրությունը, իսկ բնությունն աննկարագրելի գեղեցիկ էր: Չնայած որ մեր օրը բավականին լեցուն էր և մենք արդեն հոգնել էինք, շրջան կազմեցինք և պարեցինք Իշխանաց պար։
Այժմ, հետ նայելով, վստահաբար կարող եմ ասել, որ մենք լիարժեքորեն հասանք մեր նպատակներին մեր գիտելիքները գործնականորեն կիրառելու, նոր բաներ բացահայտելու հարցում, ինչպես նաև շփվեցինք միմյանց հետ դասերից դուրս՝ ավելի մտերմիկ միջավայրում, ավելի լավ ճանաչեցինք միմյանց և համայնքային փոխօգնությամբ հաղթահարեցինք բոլոր դժվարությունները: Այն ամենահիշարժան օրերից մեկն էր իմ կյանքում։

11-րդցիներն ուղևորվել էին Սմբատաբերդ և Ցաղաց քար: Նրանց օրը ևս անմոռանալի էր անցել, ինչի մասին կփաստի 11-րդ դասարանի աշակերտուհի Դիանա Ստեփանյանը.
«Ամսվա լավագույն օրը, երևի, հենց այն օրն էր, երբ 11-րդցիներով գնացինք արշավ։ Ուղևորվում էինք Սմբատաբերդ և Ցաղաց քար: Առավոտից լավ էինք տրամադրված, եղանակն էլ կարծես հատուկ էր այդպես անթերի, որ մենք լիակատար վայելենք մեր օրը: Մեզ հետ էին պատմության ուսուցիչներ ընկեր Դավիթն ու ընկեր Վահագնը, անգլերենի ուսուցիչ ընկեր Անահիտը և իհարկե ընկեր Արմինեն և ընկեր Տիգրանը: Գնում էինք մի քանի ավտոբուսով, իսկ ճանապարհը յուրահատուկ համ ու հոտ էր տալիս ողջ արշավին, որովհետև խաղեր էինք խաղում, երաժշտություն լսում, երգում, կատակում, զրուցում: Ամենամտերմիկ պահերից էր…

Տեղ հասնելուն պես հանդիպեցինք ՈՄԱ-ի խմբին, նախաճաշեցինք և ուղևորվեցինք դեպի Ցաղաց քար: Ճանապարհը լի էր վայրիվերումներով, բարդ էր բարձրանալը, բայց ճանապարհը գեղեցիկ էր, գեղեցիկ էր իր իմաստով և մտքերով, որ պատեցին ինձ:

Երբ հասանք Ցաղաց քար, մեր առջև բացվեց հայկական լեռնային բնության աննկարագրելի տեսարանը: Վայոց ձորի լեռները զորեղ էին: Մտանք վանք, աղոթեցինք միասին, ապա պարեցինք «Էջմիածինը» և լցվեցինք զորեղ ոգով: Հավաքեցինք մեր ուժերը և ուղևորվեցինք Սմբատաբերդ, որտեղ բնության հմայքն այլ էր. մի կողմում՝ ձյունապատ, մյուսում՝ կամար կապած լեռներ: Այդպիսի հակադրություն երբևէ չէի տեսել: Հենց այստեղ էլ խաղացինք ուսումնական քվեստ՝ հայոց պատմություն և անգլերեն առարկաներից։ Ապա լեռների ոգին մեր ոգուն ձուլեցինք Կարնո քոչարիով ու յարխուշտայով և ուրախ, բազմաթիվ տպավորություններով լի, իջանք սարից՝ ավարտին հասցնելով ևս մեկ անմոռանալի ճամփորդություն»։

12-րդցիներն էլ գնացին իրենց վերջին այբական ուսումնական արշավին: Այս մասին պատմել է մեզ 12-րդ դասարանցի Մանե Օհանյանը:

«Գնացել ենք դեպի Սպիտակավոր եկեղեցի, որը Վայոց ձորի մարզում է։ Ընդհանուր առմամբ քայլել ենք ավելի քան 20 կմ։ Գնալու ճանապարհը բավականին դժվար էր, բայց միասին բոլոր խոչընդոտները հաղթահարում էինք։

Ամբողջ ճանապարհին մեզ ուղեկցել են ազգային ու հայրենասիրական երգերը։

Վերևում` եկեղեցու բակում, նաև Նժդեհի գերեզմանն է․ այնտեղ երգեցինք, պարեցինք ու փոքր քվեստ խաղացինք, ծանոթացանք տարածքին ու պատմությանը։ Ինչքան էլ որ ճանապարհը դժվար էր, այնուամենայնիվ ամեն անգամ հետ հայացք գցելն ու հրաշալի բնապատկերը տեսնելը բավական էր կրկնակի ոգևորությամբ ճանապարհը շարունակելու համար»։

Ամփոփելով՝ կարող եմ ուրախությամբ ասել, որ բոլոր երեք սերունդների արշավները լիարժեքորեն հասան իրենց նպատակին և հաջողվեցին, քանզի չես գտնի մեկին, ով չվայելեց արշավի գեթ մեկ ակնթարթը: Արշավների շնորհիվ համախմբվեցին ոչ միայն սերունդները, այլև ուսուցիչները՝ միասին հուզառատ և անմոռանալի ժամանակ անցկացնելով:

Մելինե Հարությունյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>