Արշակ Զաքարյան․ «Այբ»-ում բացահայտել եմ իմ ստեղծարար ես-ին

Արշակը «Այբ» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ է։ Շուտով կհամալրի «Այբ»-ի շրջանավարտների համայնքի շարքերը։ Նշում է, որ «Այբ»-ում ոչ միայն կարող ես սովորել, այլև սովորեցնել․ կարևորելով որակյալ կրթական ռեսուրսների ստեղծման և դրանք հայերեն հասանելի դարձնելու խնդիրը՝ միացել է արտադպրոցական մի շարք կամավորական աշխատանքների, մասնավորապես «Քան» ակադեմիայում անգլալեզու որակյալ ռեսուրսների թարգմանության աշխատանքներ է կատարել։ «Այբ»-ում ուսանելու ընթացքում հասցրել է մասնակցել գերմաներենի միջազգային ճամբարների։ Վստահեցնում է՝ որտեղ էլ լինի, ինչ մասնագիտություն էլ ունենա, միևնույն է, նպաստելու է հայրենիքի զարգացման գործին։

Ինչո՞ւ «Այբ»

«Այբ»-ը բոլոր առումներով տրամադրող միջավայր է։ Երբ առաջին անգամ մասնակցեցի բաց դռների օրվա միջոցառումներին, հասկացա, որ ընդունվելուց ու կրթությունս այնտեղ շարունակելուց բացի՝ ուրիշ տարբերակ պարզապես չէր կարող լինել։ Դպրոցում տիրող դրական մթնոլորտը՝ դպրոցի համայնքի անդամների անսպառ ժպիտները, միշտ օգնելու պատրաստակամությունը, նպաստեցին որոշմանս կայացմանը, որն էլ հիմնականում կախված էր Հայաստանում իր տեսակի մեջ եզակի կրթություն ստանալու հնարավորությունից։

Ի՞նչ է «Այբ»-ը

«Այբ»-ը մեծ համայնք է՝ անընդհատ ընդլայնվող, միջավայր է, որտեղ քեզ տրված է անսահման ազատություն՝ ինքնաբացահայտվելու և ինքնակատարելագործվելու։ «Այբ»-ը մշտապես զարգացող, նոր մարտահրավերներ ընդունող, առաջարկների հանդեպ բաց համակարգ է։ Վերջիվերջո՝ այն Հայաստանում որակյալ կրթության զարգացման առաքելություն է, որը սկզբնապես ստանձնել է մի քանի մարդ, բայց վստահաբար շարունակելու ենք շատերս։

Ես՝ «Այբ»-ում

«Այբ»-ում բացահայտել եմ իմ ստեղծարար ես-ին։ Անելանելի թվացող պահերին, որոնք հաստատ շատ են հանդիպում «Այբ»-ում ուսանելիս, ստիպված ես դիմել ստեղծագործ տեսակիդ, որին այդքան էլ չես վստահել նախկինում ու երևի չես էլ մտածել, որ այն լավ տարբերակներ կարող է առաջարկել։ Տեսնելով, որ ստացված լուծումը բավականին արդյունավետ է՝ հասկանում ես, որ ունես վստահելի ընկեր ներսումդ։ Միակ բացասական կողմն այն է, որ այն հիմնականում օգնության է գալիս շատ լարված, որոշիչ և ծայրահեղ դժվար պահերին։

«Այբ»-ը՝ իմ կյանքում

«Այբ»-ը դարձավ կյանքի խորհրդատու։ Այն սոսկ կրթությունն արժևորող կառույց չէ, այն սովորեցնում է ինչպես ապրել, լինի բազմաթիվ հյուրերի ընդունելության, ուսուցիչների և հաջողության հասած այլ մարդկանց փորձի մասին տեղեկացվածության, թե հասարակ դպրոցական կանոնների պահպանման միջոցով։

«Այբ» համայնք

Ըստ իս՝ «Այբ» համայնքի առաջին բնորոշ հատկանիշը միշտ օգնելու պատրաստ լինելն է։ Բացի դրանից, թեպետ այն բավականին մեծ է, բայց բոլորն իրենց ուրույն տեղն ունեն համայնքի ներսում ու դրան աջակցում են յուրահատուկ ձևերով։ Այբական խաղերը ամենամեծ համայնքային միջոցառումն են, որտեղ հաստատ կարելի է զգալ համայնքը, դրա միասնականությունը սահմանված նպատակին հասնելու ճանապարհին։ Բայց տարբեր փորձառությամբ, հմտություններով ու տաղանդներով օժտված մարդկանց բազմազանությանը դպրոցում ամեն օր ականատես լինելը արդեն բավարար է վառ ու աշխույժ համայնքի մասին պատկերացում կազմելու համար։

Ո՞վ է այբեցին

«Այբեցի» ասելիս հաճախ նկատի ունեն դպրոցի աշակերտներին՝ սպիտակով ու նարնջագույնով երիզված շապիկներով, հատկապես կարևոր միջոցառումների կամ արարողակարգերի օրերին։ Այբեցին բարի, բայց համառ, նոր առաջարկների, գաղափարների, մշակույթի հանդեպ բաց, բայց հայկականը գնահատող, երբեմն ուսումնական ծանրաբեռնվածությունից հոգնած (սա՝ իհարկե կատակով), բայց նպատակասլաց մարդ է՝ ամենակարևորը՝ դրական լիցքերով միշտ զինված։

Ես ու «Այբ»-ը՝ 5 տարի անց

5 տարի հետո հավանաբար դեռ շարունակելու եմ կրթությունս։ Այդ պահին որ երկրում էլ, որ համալսարանում էլ սովորեմ, վստահաբար կարող եմ ասել, որ կարևորելու եմ ինքնակրթությունը, համակողմանի զարգացումը, որոնք «Այբ»-ի կրթական համակարգի, իմ կարծիքով, շատ կարևոր հենասյուներից են։ 5 տարի հետո ես պատկերացնում եմ ինձ Հայաստանի ապագա բարօրությանը միտված գործնական քայլերի մշակմամբ զբաղվելիս՝ այն մարդկանց օրինակով և միգուցե առաջնորդությամբ, որոնց հետ շփվել եմ «Այբ»-ում։

Բարերարների համայնք

Բարերարների ներդրումը չափազանց մեծ է։ Նրանց շնորհիվ է, որ գաղափարը դարձել է իրականություն՝ «Այբ»-ի տեսքով։ Նրանց աջակցության շնորհիվ են շատ աշակերտներ ոչ միայն Երևանից, այլև մարզերից (ինքս Արագածոտնի մարզից եմ) ստանում որակյալ կրթություն։ Նրանք են, որ համատեղել են բոլոր ջանքերը հայրենիքի համար ազգանվեր գործ կատարելու։ Ազգանվեր այն առումով, որ «Այբ»-ը միայն դպրոց չէ, այլև մոդել, որի անընդհատ զարգացմամբ, հղկմամբ ու որում փորձերի ներդրմամբ ստանալու ենք օրինակելի դպրոց, որը հավակնում է դառնալու հայկական դպրոցի նախատիպ։

«Այբ»-ն ու սերունդները

Ամենափոքր բանը, որ հիմա էլ անում եմ, ծանոթ աշակերտներին «Այբ» դիմելու խորհուրդ տալն է, քանի որ պետք է կարողանալ օգտվել այն բացառիկ հնարավորությունից, որն ընձեռում է այս դպրոցը։ Շուտով ավարտելով՝ կարող եմ ասել, որ ես չեմ բաժանվում «Այբ»-ից։ Այն օգնել է ինձ հասնելու ինքնաճանաչման, բացել է շատ դռներ, դարձել կենսակերպ։ Կգա ժամանակ, երբ շրջանավարտները, այդ թվում և ես, կվերադարձնեն բարիքը դպրոցին ամենատարբեր ձևերով, որպեսզի այն շարունակի ապրել՝ այդպիսով նպաստելով շատ հայ աշակերտների զարգացմանը, որակյալ և մատչելի կրթության հասանելիությանը։

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>