«Այբ» դպրոցում հյուրընկալեցինք Ճարտարապետության և շինարարության համալսարանի դեկան Արմեն Շատվորյանին: Նա ներկայացրեց ճարտարապետությունը որպես մասնագիտություն, ճարտարապետի ապրելաոճը և ճարտարապետության հեռանկարները:
Ըստ պրն Շատվորյանի՝ ճարտարապետությունը մարդու ձգտումն է կազմակերպելու միջավայրը: Միջավայրը կարող է լինել և շատ փոքր, և շատ ընդարձակ. դա որոշում է մարդը: Ճարտարապետությունն իր մեջ միավորում է տեխնիկական գիտելիքները և ստեղծարար միտքը: Պրն Շատվորյանը բազմիցս նշեց նաև կրթության կարևորությունը:
Արմեն Շատվորյանի արտահայտած մյուս միտքն այն էր, որ ճարտարապետությունը, աշխատանքից և մասնագիտությունից բացի, ենթադրում է որոշակի ապրելակերպ: Այդ ապրելակերպը բավականին բարդ է, բայց շատ հետաքրքիր: Ճարտարապետը պետք է անընդհատ շարունակի ուսումնասիրել իր ոլորտը: Նույնիսկ ազատ ժամանակ, գործընկերների հետ ժամանակ անցկացնելիս, նա մտորում է իր տեսած որևէ կառույցի ճարտարապետության մասին: Ճարտարապետի համար շատ կարևոր է ճամփորդելը, որպեսզի նրա «աչքը բացվի» և ծանոթանա նոր ճարտարապետական կառույցների:
Ճարտարապետը պետք է լինի երջանիկ և գրագետ, քանի որ նրանից է կախված բազմաթիվ մարդկանց կյանքի որակը: Նա պետք է լինի պատասխանատու, քանի որ ճարտարապետի սխալը միշտ երևում է:
Պրն Շատվորյանը նաև ծանոթացրեց մեզ իրենց համալսարանի ճարտարապետական ֆակուլտետին, որը գոյություն ունի արդեն մոտ 100 տարի: Հետաքրքիր է այն, որ ֆակուլտետի դասախոսների 95%-ը գործող ճարտարապետներ են, այսինքն՝ ներկայացնում են ոչ միայն տեսությունը, այլ նաև իրենց անձնական փորձը: Ֆակուլտետը բավականին ընդարձակվել է. Շատվորյանի ուսանողության տարիներին դրանում սովորում էր 50 ուսանող, իսկ այս տարի ընդունվել է 200-ը: Երրորդ կուրսի երկրորդ կիսամյակից ուսանողների մեծ մասն աշխատում է ճարտարապետական ստուդիաներում և այլուր:
Վահագն Ալոյան
10-րդ դասարան
Կիսվել