Ո՞վ ենք մենք․ հանդիպում գենետիկայի մասնագետ պրոֆ․ Լևոն Եպիսկոպոսյանի հետ

«Այբ» դպրոցում առցանց հյուրընկալեցինք գենետիկայի մասնագետ, էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանին։ Պարոն Եպիսկոպոսյանն ավագ դպրոցի աշակերտներին պատմեց հայերի և Հայաստանի հարևան երկրների ժողովուրդների գենետիկական ծագման, զարգացման և աշխարհագրական համակեցության մասին։ Ով ենք մենք, ովքեր են մեր հարևանները, ինչն է ճշմարիտ և ինչը՝ ոչ՝ պրոֆեսոր Եպիսկոպոսյանի դասախոսությունը համառոտ։

Ո՞վ ենք մենք և որտե՞ղ ենք ապրում։ Մեր էթնոգենեզը, այսինքն` հայ ժողովրդի կայացումը, ձևավորումը, տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում։ Ցավոք, այսօր մենք ապրում ենք պատմական Հայաստանի տարածքի ընդամենը մեկ տասներորդի վրա և հատկապես վերջին իրադարձություններից հետո պետք է շատ նրբանկատ և ուշադիր լինենք այն տարածքի նկատմամբ, որտեղ դեռևս հնարավորություն ունենք ազատ գործելու, զբաղվելու գիտությամբ, կրթությամբ և զարգացնելու մեր մշակույթը։

Արևմտյան Հայաստանի մշակույթի վերականգնման ծրագիրը։ Հայկական մշակույթի գրեթե 80 տոկոսը զարգացել է Արևմտյան Հայաստանում՝ Օսմանյան կայսրության կազմում։ Վերջին տարիներին մեկնարկած մի ծրագրով մենք ուսումնասիրում ենք օսմանահայերի ընտանեկան կյանքը՝ նրանց երաժշտությունը, խոհանոցը, դպրոցները, տարբեր մշակութային օջախները, մարդկանց հուշերը, լուսանկարները, որպեսզի դրանցից ավելի ամբողջական պատկեր ստանանք արևմտահայերի կյանքի մասին։

Ինչպես է դա արվելու։ Ավելի քան 10 տարի առաջ մենք մտածեցինք մի ծրագիր, որով կվերականգնեինք հայերի գենետիկական պատմությունը։ Քանի որ մենք ցանկանում ենք վերականգնել ամբողջ պատմական հայկական տարածքների պատմությունը, բայց չունենք հնարավորություն իրականացնելու պեղումներ, տարբեր պատմագիտական հետազոտություններ, միակ ճանապարհը գենետիկական հետազոտությունն է։ Եթե մենք հավաքենք ԴՆԹ-ի նմուշներ հայերից, որոնց նախնիներն ապրել են պատմական Հայաստանի տարբեր շրջաններում, մենք կունենանք հնարավորություն վերականգնելու մեր գենետիկական պատմությունը։

Ինչպես է սա աշխատում։ Յուրաքանչյուր մարդ իր գեների 50 տոկոսը ստանում է հորից, մյուս 50-ը՝ մորից։ Այդպիսով, ուսումնասիրելով որևէ հայի ԴՆԹ-ն, մենք ուղղակիորեն ուսումնասիրում ենք նաև նրա նախապապերինը։ Արդյունքում կարող ենք վերականգնել տարածաշրջանում ապրող մարդկանց գենետիկական պատկերը։

Ինչ առավելություն ունի գենետիկական մոտեցումը։ Պատմական այլ աղբյուրները, օրինակ՝ գրվածքները, մեզ կարող են պատմել միայն 4-5 հազար տարվա պատմություն՝ գրավոր լեզվի առաջացման հետ կապված, բանավոր խոսքի հետազոտությունը մի փոքր շատ՝ 7-8 հազար տարվա։ Սակայն պատմության ամենախորքերը գնացող գիտությունը այս պահին էվոլյուցիոն գենետիկան է, այդ պատճառով էլ մեր պատմությունն ուսումնասիրելու համար մենք օգտագործում ենք հենց այս գործիքը։

Ինչպես է դա արվում։ ԴՆԹ-ի նմուշները հիմնականում վերցվում են արյունից, թուքից, ոսկորներից։ Կա գենետիկական պատմության վերականգնման երկու ուղղություն՝ հայրական պատմության վերականգնումը և մայրական։ Դպրոցից մենք գիտենք, որ տղաների սեռը որոշվում է Y քրոմոսոմի հատուկ գենի շնորհիվ, այդ գենի փոխանցողը միշտ հայրն է, այնպես որ սրա միջոցով կարող ենք վերականգնել հայրական պատմությունը։ Բացի դրանից, մենք ունենք նաև միտոքոնդրիումային ԴՆԹ, և դա ժառանգվում է միայն մորից։ Այս եղանակով էլ կարող ենք ուսումնասիրել մայրական պատմությունը։

Հայ ժողովրդի ձևավորման մասին։ Ոչ մի ժողովուրդ չի առաջանում մեկ հորից և մորից։ Բոլորն առաջանում են մի շարք ցեղերի ձուլումից, և մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր ժողովրդի ձևավորումը տեղի է ունեցել երկու հազարամյակների ընթացքում, որից հետո գրեթե 4 հազար տարի մեր գենետիկան փոփոխությունների չի ենթարկվել։ Նշեմ, որ այս ուսումնասիրությունը կատարել են անգլիացիները, ամերիկացիները և լիբանանցիները, և որևէ մեկը չի կարող պնդել, թե սա պատվիրված աշխատանք է։

Ինչու այն բոլոր առասպելները, որ որևէ ժողովուրդ ունի 10, 15, 20 հազար տարվա պատմություն, ճիշտ չեն։ Մի պարզ պատճառով՝ ժողովուրդների առաջացումը սկսվել է միայն այն ժամանակ, երբ մարդիկ սկսել են զբաղվել հողագործությամբ։ Առանց ընդհանուր տարածքի, սահմանների, մշակույթի, ուրիշներից մեկուսացման՝ պետություններ չեն ծնվում, և սա աքսիոմ է։

Հայերը։ Տարբեր տարածքներում ապրող հայերը՝ Մերձավոր Արևելքի, կովկասյան, եվրոպական, գենետիկորեն իրար չափազանց նման են։ Եզրակացությունը հետևյալն է՝ մեր գենետիկական կառուցվածքը բաղկացած է երկու բաղադրիչներից։ Կեսը կովկասյան է, որը եղել է քարի դարի շրջանում, և մյուս կեսը՝ նեոլիթյան, այսինքն՝ մտել է այս տարածաշրջան մոտավորապես 8 հազար տարի առաջ։

Կենտրոնասիական գենի բացակայությունը մեր գենոֆոնդում։ Հայաստանում, Վրաստանում, ինչպես նաև Լիբանանում, Իրաքում, Սիրիայում թուրքական ժողովուրդները հետքեր գրեթե չեն թողել։ Վերջին տարիներին կատարված հետազոտության ընթացքում մենք ուսումնասիրել ենք 500 հայի գենետիկական նմուշ, և ընդամենը մեկ նմուշում է եղել թուրքական գենետիկական հետք։ Այսինքն՝ ազդեցությունը մեր գենոֆոնդի վրա 0,5 տոկոսից էլ ցածր է։

Իսկ ինչքան ենք մենք նման մեր հարևան ժողովուրդներին։ Գենետիկան այդ հարցը նույնպես կարող է ուսումնասիրել։ Պարզվում է, որ եթե ուսումնասիրենք պատմական Հայաստանի տարածքներում ներկայումս ապրող մարդկանց և հայերի Y քրոմոսոմը, կպարզենք, որ դրանք շատ նման են։ Ավելին՝ Թուրքիայի նախկին հայկական տարածքներում ապրող մարդիկ գենետիկորեն գրեթե չեն տարբերվում հայերից։ Այսինքն՝ շատ հնարավոր է, որ այդ մարդիկ այն ծպտյալ հայերն են, որոնց մասին վերջին տարիներին այդքան խոսվում է։ Կարծում եմ՝ այս հետազոտությունների մասին ավելի շատ պետք է խոսվի, որպեսզի ի վերջո ճշմարտությունը պարզվի և՛ մեզ, և՛ աշխարհի համար։

Բալկանների և հայերի հետ կապված հարցը։ Կա մի վարկած, թե հայերը եկվոր են ու եկել են Բալկաններից, սակայն մեր գենետիկական հետազոտությունները հերքել են այս վարկածը։ Պետք է նշեմ, որ այս հետազոտություններն էլ իրականացրել ենք օտարերկրյա մասնագետների հետ, հետևաբար օբյեկտիվությունն ամբողջությամբ պահպանված է։ Այսպիսով՝ հայերը բնիկ ժողովուրդ են։ Սա ապացուցվել է նաև հետազոտությունների շնորհիվ, որոնք ցույց են տվել, որ մեր նախնիները մայրական գծով 8000 տարի առաջ ապրել են այս տարածաշրջանում։ Այսինքն՝ մենք այդ 8000 տարի առաջ ապրող կանանց ուղիղ ժառանգներն ենք։

Դավիթ Բաղդասարյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>