Անկեղծության պահեր Արամ MP3-ի հետ

Երկար դադարից հետո «Այբ»-ում տեղի ունեցավ «Անկեղծության պահեր» նախագծի նոր շրջանի առաջին հանդիպումը։ Այս անգամ «անկեղծության աթոռին» նստած էր հայտնի երգիչ, դերասան, հումորիստ Արամ MP3-ն, ով պատասխանեց «Այբ» դպրոցի աշակերտների երկու տասնյակից ավելի հարցերի։

— Որո՞նք են այն խմբերն ու արտիստները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել Ձեր կյանքի ու կարիերայի վրա,— հարց հնչեց լսարանից։

— Դրանք իրականում շատ են, — պատասխանեց արտիստը։— Բոլորին չեմ կարող թվարկել, բայց որպես խումբ կնշեմ Queen-ը, երգիչ, երաժիշտ Ստիվի Ուանդերին, ուրիշ արտիստներից՝ Էլթըն Ջոնին, Էրիկ Կլեպտոնին։ Շատ եմ սիրում The Prodigy, Limp Bizkit խմբերը, որոնց մինչև հիմա լսում եմ։ Հայկական երաժշտություն ևս լսում եմ, օրինակ՝ Կոմիտաս, Համասյան, Աճեմյան։ Ես ինքս երաժշտասեր եմ ու ամեն ինչ լսում եմ, անգամ ռաբիզ երաժշտության ժանրում կարելի է գտնել լավ երգեր։ Իսկ եթե դու երաժիշտ ես, պետք է լսես ամեն ինչ, որպեսզի ստեղծվի քո բազան։

— Եթե հնարավորություն լիներ համագործակցել երաժշտության ոլորտում որևէ անձի հետ, ողջ թե հանգուցյալ, ո՞ւմ հետ կցանկանայիք համագործակցել և ինչո՞ւ։

Արամը ևս մեկ անգամ անդրադարձավ Ստիվի Ուանդերին։ Նա նշեց, որ Ստիվին այն երաժիշտներից է, ով ստեղծել է լուրջ երաժշտական ուղղություն, որը մինչև այժմ մարդիկ օգտագործում են որպես երաժշտական աստվածաշունչ, ունենալով հիանալի ձայնային տվյալներ՝ նա նաև հիանալի երգիչ է, կոմպոզիտոր և արտիստ։ Արամը նաև հիշեց իր և սիրած արտիստի՝ Ստիվի Ուանդերի հանդիպումը։

Հարց հնչեց նաև բժշկի և արտիստի մասնագիտությունների միջև Արամի ընտրության մասին։

— Ի սկզբանե ես պետք է դառնայի ատամնաբույժ, — ասաց բանախոսը, — սակայն քննության միավորներս չհերիքելու պատճառով ընդունվեցի դեղագիտության ֆակուլտետ։ Դրանից հետո կար վերաքննության հնարավորություն, սակայն էլ դրա հավեսը չկար։ Ես գտել էի իմ թաքնված սերը՝ բեմը։ Եվ երբ ծնողներս հարցրին՝ ուզո՞ւմ ես տեղափոխվես ատամնաբուժության ֆակուլտետ, ես ասացի, որ չեմ ուզում առհասարակ կապ ունենալ բժշկության հետ, քանի որ գտել եմ իմ մասնագիտությունը։ Բնականաբար շատ կասկածանքով, սակայն ծնողներս, հարգելով իմ որոշումը, ասացին՝ արա ինչ ուզում ես։

Հաջորդեց ճշգրտող մեկ այլ հարց, թե արդյոք Արամը հաշվի առե՞լ էր ռիսկերը։ Նա պատասխանեց, որ այն ժամանակ խորությամբ չի վերլուծել հարցը՝ թերևս դեռահասության պատճառով։ Բայց շատ հաճախ հենց այդ ռիսկերը հաշվի չառնելու հետևանքով են ստեղծվում գլուխգործոցները։

— Երգի՞չ, թե՞ դերասան, — հնչեց հերթական հարցը։

— Ինձ ավելի հարազատ է երգչի կարիերան։ Ճիշտ է՝ սիրում եմ նաև КВН-ը և հումորը։ Ու բոլորն էին սիրում։ Սակայն երաժշտությունը միշտ եղել է ինձ համար առաջին տեղում, ու ես փորձել եմ դրանք համատեղել։

Հարցին պատասխանելու ընթացքում երգիչը նաև կարևոր դիտարկում արեց, որ ինքնահեգնանքը, երբ կարողանում ես ինքդ քեզ վրա ծիծաղել, ուժեղ մարդու հատկություն է, և եթե այն չկա, ապա պետք է անպայման զարգացնել։

Սրանք հանդիպման ժամանակ հնչած բազում հարցերից միայն մի քանիսն էին, որոնց անկեղծորեն և մեծ պատրաստակամությամբ, երբեմն էլ կատակով պատասխանեց հայտնի արտիստ Արամ MP3-ն։

Ամփոփելով հանդիպումը՝ երգիչն ասաց․

— Վերջում ուղղակի կավելացնեմ, որ դպրոցն ավարտելուց հետո ձեզ բոլորիդ սպասում է նոր կյանքի սկիզբ։ Ես իմ կյանքի փորձից, թեկուզ այդքան էլ մեծ չեմ, կասեմ ամենակարևոր բանը. արեք այն, ինչ սիրում եք, որովհետև մեծ տարիքում շատ-շատ մարդիկ մի խնդրի առաջ են կանգնում. նրանք ասում են, որ հոգնել են աշխատանքից, տանջվում են, նրանց համար դա դեպրեսիա է։ Իսկ երբ դու անում ես քո սիրած գործը, կարևոր չէ, թե ինչ, դու չես կարող դրանից հոգնել, այն դառնում է քո հոբբին։

Մհեր Ենգիբարյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>