«Նրանք գնացին՝ թողնելով բաց մի դուռ, որով անցնելուց պիտի աչքերումդ անդադար ցասում լինի, պիտի հոգումդ եռա հայկականը, ազգայինը։ Պիտի ծարավ լինես, քանի չես հաղթել․․․»։
Ահա այսպիսի վերջաբան ունի «Այբ» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արամ Բարսեղյանի հեղինակած «Անմահների պատերազմը» գիրքը, որը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված մեր ընկերոջ, 2020 թվականի շրջանավարտ Լևոն Հովսեփյանի և անմահացած բոլոր մյուս հերոսների վառ հիշատակին։ Վերջերս լույս տեսած այս գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ «Այբ» դպրոցի «Հայաստան» դահլիճում։ Շնորհանդեսին ներկա էին «Այբ» համայնքի անդամները՝ աշակերտներ, ծնողներ, աշխատակիցներ, շրջանավարտներ։ Բոլորիս հետ նույն դահլիճում էր նաև ապրիլյան քառօրյա և Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, կամավորական ջոկատի հրամանատար, կապիտան Ռաֆայել Ավետիսյանը, որը մեկն է պատերազմին մասնակցած այն բոլոր հերոսներից, ովքեր իրենց օգնությունն են ցուցաբերել Արամին՝ պատմելով մարտի ընթացքում իրենց պատուհասած իրական դրվագները, որոնք էլ հեղինակը արտացոլել է գեղարվեստավավերագրական պատումներում։
Միջոցառման սկզբում ցուցադրվեց կարճ հոլովակ, որում Արամն իր խոհերն ու հույզերն է փոխանցում ներկաներին և հավերժ ներկա մեր ընկերոջը՝ Լևոնին, ապա դիտեցինք գրքի հրատարակչի՝ «Էդիթ Պրինտ»-ի ներկայացուցիչների՝ գրող Դավիթ Սամվելյանի և խմբագիր Նշան Աբասյանի հեռավար ուղերձը։ Վերջիններս բարձր գնահատականի արժանացրին հեղինակի աշխատանքը՝ լիահույս լինելով, որ այն կլինի շարունակական։ Շնորհանդեսի մնացած մասն անցավ հարցուպատասխանով և գրքի ու դրա ստեղծման ընթացքի մասին կարծիքների փոխանակմամբ։ Հանդիպումը վարում էր 2021 թվականի շրջանավարտ Մանե Օհանյանը։
Արամը նշեց, որ ի սկզբանե այս գիրքը գրելը եղել է անհրաժեշտություն, ապա նոր միայն վերածվել է ցանկության․ նրա համար թիրախային լսարան են եղել մեր սերունդն ու մեզնից հետո եկող սերունդները, թեև գիրքը բոլորի համար է, նրանց համար, որոնց մեջ կա անցյալը հիշելով ապագան կերտելու անկոտրում կամք ու վճռականություն։ Կապիտան Ռաֆայել Ավետիսյանը նշեց, որ թեև միշտ էլ հողն արյունով են պահում, այնուամենայնիվ, մտքի ուժի գերակայությունն անգնահատելի դեր ունի ապագայի կերտման հարցում։ Չէ՞ որ մեր գիտելիքով, մշակույթով և պատմությամբ կարող ենք աշխարհին ի ցույց դնել մեզ բաժին հասած դառնություններն ու հենց այդ նույն միջոցներով ցույց տալ, թե ինչպես ենք հասնելու մեր անբեկանելի հաղթանակին։
Միջոցառման ավարտին իրենց կարծիքները, հույզերն ու տպավորությունները կիսեցին դահլիճում ներկա աշակերտները և ուսուցիչները։
«Պիտի կերտենք հզոր ու նոր Հայաստան․ անմահներն են հրամայում․․․»։
Աիդա Ավետիսյան, 12-րդ դասարան
Հոլովակը՝ Արևիկ Մելիքյան, 12-րդ դասարան
Կիսվել