7 պատմություն Արամ Փախչանյանի կյանքից կամ կարևոր խրատներ կյանքի մասին

«Այբ» դպրոցի 10-րդ սերնդի ավարտական հանդիսությանը «Այբ» համայնքի անունից ելույթ ունեցավ «Այբ»-ի համահիմնադիր, «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ նախագահ Արամ Փախչանյանը։ Նա 2022 թվականի շրջանավարտներին պատմեց իր կյանքից յոթ դրվագ, որոնցից կյանքի կարևոր դասեր էր քաղել ու խրատ դուրս բերել։

Ահա դրանցից մի քանիսը։

  • Իրական բերկրանք են բերում ոչ թե այն բաները, որոնք ձեզ տրված են, որ դուք արդեն ունեք, այլ այն, ինչ դուք ձեռք եք բերում։ Մի՛ վախեցեք դժվար բաներից:
  • Վախենում ես նրանից, ինչը չես ճանաչում։ Ամեն բան չէ, որ ճանաչում ես ուղեղով։ Ճանաչելու համար պետք է ապրել այդ բանը, ոչ թե դիտել կողքից։
  • Դու պետք է մարդուն ընկալես, ոչ թե քո սեփական զգացմունքների կամ սեփական հուզականության հայելու մեջ, այլ նրա իրական նպատակի հայելու մեջ։ Կարևոր է՝ ինչո՛ւ նա դա ինձ ասաց, ոչ թե՝ ինչ ես զգացի։ Եթե դիտում ես այդ տեսանկյունից, դու մտածում ես՝ իսկ ինչ ե՛ս արեցի, որ նա այդպես ասաց։ Այդպես դու վերադառնում ես քեզ, ոչ թե մեղադրում դիմացինին։
  • Ամուսնության իմաստը ոչ թե հեշտ կյանքով ապրելն է, այլ մեկս մյուսին օգնելն է՝ դառնալու ավելի լավը, որովհետև ամեն մեկիս կյանքի իմաստը կատարելագործվելն է։ Ամենամեծ փորձությունները, ամենամեծ ցավերը դու ապրում ես այն մարդու հետ, ում հետ առավել մտերիմ ես։ Մտերմությունն է ցավեցնում։
  • Մեծ ձեռքբերումները սկսվում են մեծ փորձություններից։ Դիտեք դրանք որպես հնարավորություններ։ Չկան հեշտ տրվող բաներ։ Կյանքը դժվար է հենց այն մարդկանց համար, որոնք կյանքում դժվարություններ չեն ունեցել։ Եվ շատ ավելի հեշտ է այն մարդկանց համար, որոնք անցել են ծանր ճգնաժամերով, որովհետև նրանք ավելի քիչ են վախենում գործել և ավելի բաց են նայում դեպի ապագան։ Ընկճվելը, սեփական ուժերին չհավատալը, գիշերները չքնելը նորմալ է։ Դա ձեզ կպատահի, հանգիստ ընկալեք այդ ամենը, գնացեք առաջ, որովհետև դրանք մոռացվում են, իսկ ձեռքբերումները ձեզ հետ են մնում։
  • Ամենակարևորը մարդկանց վստահությունն է։ Եվ որպեսզի վստահությունը չկորցնես, պիտի լինես ազնիվ, պիտի ունենաս նպատակին հասնելու կամք և պիտի գործես ըստ արժեքների։ Միայն այդ դեպքում քեզ կվստահեն։

Արամ Փախչանյանի ելույթը 2022 թ․ ավարտական հանդիսությանը դիտեք ստորև.

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>