Ցեղասպանագետ, հետազոտող Արա Քեթիբյանը «Այբ» դպրոցում

Անցյալի վերհանումն այն չմոռանալու և ներկայի ու ապագայի համար դասեր քաղելու լավագույն գրավականներից մեկն է։ Այսպիսի մի կարևորագույն գործ է հանձն առել և տարիներ ի վեր տքնաջան աշխատանքով իրականացրել գրականագետ, հետազոտող, ցեղասպանագետ, խմբագիր և ուսուցիչ Արա Քեթիբյանը։ Պարոն Քեթիբյանին «Այբ» դպրոցում հյուրընկալելու բացառիկ հնարավորություն ունեինք։ Նա սովորել է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, ապա՝ Հռոմի համալսարանում, ինչպես նաև ուսուցանել է Մելքոնյան վարժարանում։

Արա Քեթիբյանը «Այբ» համայնքին պատմեց Հայոց ցեղասպանությանը, հայկական հարցին, ինչպես նաև հայերի հանդեպ ադրբեջանցիների իրականացրած բռնություններին առնչվող մի շարք հոդվածների մասին, որոնք նա հավաքել է ամերիկյան հեղինակավոր թերթերից՝ Washington Times, New York Times, Los Angeles Times, Chicago Tribune, և հրատարակել յոթ հատորներում։

Այս տիտանական աշխատանքի սկիզբը դրվել է 2007 թվականին պարոն Քեթիբյանի և նրա ընկերոջ՝ Վահան Օհանյանի համատեղ ջանքերի շնորհիվ, սակայն Վահան Օհանյանի ԱՄՆ տեղափոխվելու պատճառով ամբողջ աշխատանքն իր ուսերին առել է Արա Քեթիբյանը և այն ավարտին հասցրել։ Մեր հյուրը պատմեց, որ սա իրոք մեծածավալ աշխատանք է եղել, քանի որ նախ պետք էր բաժանորդագրվել թերթերին, քանի որ դրանք շատ հասանելի թերթեր չէին, ապա անհրաժեշտ էր հետևել նոր հոդվածների հրապարակմանը և փորձել հատորներում ընդգրկել հնարավորինս շատերը։ Կարևոր էր նաև պահպանել հեղինակային իրավունքները, որոնց ճշգրտությունը ստուգելու համար պարոն Քեթիբյանը շատ հետազոտություններ է արել և բավականին երկար փնտրտուքների մեջ եղել։

Նրա խոսքով՝ շատերը վստահ էին, որ սա անիմաստ աշխատանք է և ի վերջո ժամավաճառության է վերածվելու, սակայն պարոն Քեթիբյանը մինչև վերջ մնաց իր նպատակին և կատարած աշխատանքին հավատարիմ։ Նա համոզված էր, որ եթե նման հեղինակավոր թերթերի խմբագիրները թույլ են տվել այդպիսի բովանդակությամբ հոդվածներ հրապարակել, ուրեմն դրանք վստահաբար ունեն որոշակի արժեք, ներկայացնում են ժամանակաշրջանի իրականությունը և վերջիվերջո հնարավորություն տալիս աշխարհի համար մեկ գերտերությանը՝ ԱՄՆ-ին՝ ծանոթանալու հայերին ու նրանց պատուհասած դժբախտությանը և արտահայտելու երկրի քաղաքականությունը ստեղծված իրավիճակում։ Եվ իրոք, կոտորածների տարիներին Ամերիկայի ժողովուրդը մամուլի շնորհիվ էր ծանոթանում հայերի վիճակին, և նրա ցուցաբերած օգնությունները, օրինակ՝ որբանոցների ստեղծումը Հայաստանում, խոսում են այն մասին, որ մամուլը հանդես է եկել որպես միջոց։ Օրինակ՝ Ալեքսանդրապոլում՝ ներկայիս Գյումրիում, գտնվում էր ամենամեծ որբանոցը. երբ ճաշի էին նստում որբերը, սեղանը 40 կմ երկարություն էր ունենում։

Բացի ցեղասպանության մասին հոդվածներից՝ Արա Քեթիբյանը հավաքել է նաև հոդվածներ հայերի դեմ ադրբեջանցիների իրականացրած բռնությունների մասին, որոնք տեղ են գտել 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում լույս տեսած « Ազերիների ագրեսիան հայերի դեմ» գրքում։ Այս հոդվածները ևս մեկ անգամ փաստական ապացույցն են դառնում այն բանի, որ պատմությունը կրկնվելու հակում ունի։ Թուրքիան այն ժամանակ ևս մեծ օգնություն էր ցուցաբերում Ադրբեջանին, որը կռվում էր վարձկան ահաբեկիչների՝ Պարսկաստանի քրդերի միջոցով։

Հանդիպման վերջում աշակերտները և աշխատակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու հյուրին՝ նրա կատարած աշխատանքի և արծարծվող թեմաների վերաբերյալ։

Հանդիպումն ամփոփելով՝ «Այբ» ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի և հասարակագիտական առարկայախմբի ղեկավար Լիլիթ Մինասյանը նշեց, որ այս աշխատանքն իր տեսակի մեջ առաջինն է հայագիտական ոլորտում, անգնահատելի նյութ է դիվանագիտության, պատմագիտության և միջազգային հարաբերությունների ուսումնասիրման ասպարեզներում և ոչ միայն անցյալի վերհանում է, այլև սերտ կապ ունի ներկայի ու ապագայի հետ։

Աիդա Ավետիսյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>