Ամանորյա էտյուդներ ավագ դպրոցի աշակերտների կատարմամբ

Միասնականություն և անմոռանալի հիշողություններ․ այսպիսին են «Այբ»-ում կազմակերպվող բոլոր միջոցառումներից ստացվող տպավորությունները։ Բացառություն չէր նաև աշակերտների կազմակերպած ամանորյա միջոցառումը՝ լի անակնկալներով, սպասված ելույթներով և ծիծաղ պարգևող տեսարաններով։ Բոլորի կողմից սիրված ամանորյա տոնահանդեսը վստահվել էր 11-րդ դասարանի աշակերտ Մալվինա Խաչատրյանի և 12-րդ դասարանի աշակերտ Աննա Հակոբյանի ռեժիսորությանը, և նրանք արդարացրին բոլոր սպասելիքները։

Տոնական հանդեսի բացումը կատարեցին բեմարվեստ սովորող 11-12-րդ դասարանցիները, որոնք ներկայացան ամանորյա փոքրիկ և հետաքրքրիր էտյուդներով՝ նվիրված ամանորյա հրաշքներին և ջերմ հիշողություններին։

Ապա սկսվեց միջոցառման գլխավոր մասը․ ըստ սյուժեի՝ Ձմեռ պապիկի դերասան փնտրող ծնողները հայտարարություն են տարածում՝ ընտրելու ամենահարմար թեկնածուին իրենց երեխային զվարճացնելու համար։ Հայտարարությամբ ներկայանում են 5 Ձմեռ պապիկ, որոնք ցույց են տալիս տարբեր տաղանդներ ծնողներին զարմացնելու համար։ Այդպես՝ Ձմեռ պապիկներից առաջինը՝ 12-րդ դասարանցի Դավիթ Վանյանը, հանդիսատեսին ապշեցնում է իր անակնկալ ռեփով՝ Eminem-ի «Without Me» երգով։ Հաջորդ թեկնածուն էր կրկին 12-րդցի Գագիկ Հակոբյանը, ով հայտնի էր մարդկանց ձայները կառավարելու իր տաղանդով։ Հենց այդ տաղանդն էլ գործադրելով՝ նա կարողացավ ոտքի հանել երգչախմբին, ովքեր էլ հանդես եկան ամանորյա երգերով՝ ապահովելով հանդիսատեսի հրաշալի տրամադրությունը։ Անակնկալ արեց նաև հաջորդ Ձմեռ պապը՝ Նարեկ Դավթյանը՝ ներկայանալով իր գրած մենելույթով, որ պատմում էր այբական կյանքի զվարճալի պահերի մասին․ ամբողջ ելույթի ժամանակ ժպիտն անպակաս էր դահլիճում։ Մյուս Ձմեռ պապը` ավանդական պարերի վարպետը, բեմ հրավիրեց իր խմբին և ելույթ ունեցավ «Էրիշտա» ու «Քերծի» պարերով։ Եվ վերջապես, ամենավերջում եկավ իսկական Ձմեռ պապը, որ իր սրտի խոսքով գրավեց Ձմեռ պապ փնտրող ծնողների և հանդիսատեսի սրտերը՝ ցույց տալով ամանորյա իսկական շունչն ու հրաշքը։

Իսկ gմանորյա միջոցառմանը հաջորդեց բոլորի կողմից երկար սպասված խնջույքը՝ նվիրված Նոր տարվա գալուստին։ Աշակերտները հնարավորություն ստացան մինչև արձակուրդները միասին տոնելու Ամանորը՝ պարելով իրենց իսկ ընտրած երգերի ներքո և վայելելով դպրոցում տիրող ջերմ և լուսավոր մթնոլորտը։

Ինա Գրիգորյան , 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>