«Այբ»-ի շրջանավարտների և աշակերտների հանդիպում մասնագիտական կողմնորոշման շուրջ

«Աշակերտների և ուսուցիչների թերևս ամենասիրելի միջոցառումներից մեկը». այսպես ներկայացրեց շրջանավարտների հետ հանդիպումը «Այբ» ավագ դպրոցի մասնագիտական կողմնորոշման բաժնի համակարգող Ռուզաննա Մայիլյանը։ Հանդիպմանը ներկա էին «Այբ»-ի շրջանավարտներ, որոնցից շատերը տարբեր մասնագիտություններով սովորում են արտասահմանյան համալսարաններում։ Հանդիպմանը մասնակցում էին 8-12-րդ դասարանների աշակերտները, ովքեր երկու տարի է, ինչ սպասում էին այս կարևոր և հետաքրքիր այբական միջոցառմանը, քանի որ 2021 թվականին համավարակի պատճառով միջոցառումը տեղի չէր ունեցել։

Ի սկզբանե շրջանավարտներից յուրաքանչյուրին տրվեց հնարավորություն ներկայացնելու իր մասնագիտությունը, համալսարանը կամ այն ամենը, ինչն օգտակար կհամարեր պատանի այբեցիների հետագա մասնագիտական կողմնորոշման համար։ Այնուհետև միջոցառումը «Հայաստան» դահլիճից տեղափոխվեց ճաշարան, որտեղ թեյի սեղանի շուրջ աշակերտներն ավելի ջերմ միջավայրում շփվեցին իրենց ավագ ընկերների հետ և ստացան հուզող հարցերի պատասխանները։

Համալսարանների, մասնագիտությունների ու բուհական կյանքի մի շարք կարծրատիպերի մասին խոսելիս ապագա իրավաբան Նարե Հոնարչյանը նշեց, որ իրավաբաններն են որոշում այն կանոնները, որոնցով խաղում են մնացածը։ Իսկ ՀՀ ԶՈՒ նորակոչիկ զինծառայող Դավիթ Պողոսյանը կես-կատակ, կես-լուրջ ասաց՝ համալսարանական կյանքի մասին երևի շատ բան չի կարող պատմել, բայց եթե բանակի մասին հարցեր լինեն, սիրով կպատասխանի։

Կարոտալից գրկախառնություններով, ապագայի հանդեպ նոր հույսերով ու վերալիցքավորված՝ այբեցիներն ամփոփեցին այդքան սպասված հանդիպումը։ Ըստ շրջանավարտների՝ այս ձևաչափով միջոցառումը լավ առիթ էր «Այբ» վերադառնալու ու դպրոցական հիշողությունները վերապրելու համար, իսկ աշակերտների համար օրինակելի և արդյունավետ էր շրջանավարտների համայնքի հետ կապի ամրապնդումը։

Հասմիկ Հարությունյան

12-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>