«Այբ»-ի շրջանավարտների խորհուրդները ավագ դպրոցի աշակերտներին

«Այբ» դպրոցում տեղի ունեցավ առցանց հանդիպում «Ապագայի մասնագիտությունները» խորագրով։ Հանդիպման խոսնակներն էին «Այբ» համայնքի անդամ, EV-Consulting-ի ներկայացուցիչ Հովհաննես Աթաբեկյանը և «Այբ» դպրոցի 2016 թվականի շրջանավարտ Գևորգ Խանդամիրյանը։ Իրենց համալսարանական փորձառությունն ու մասնագիտական խորհուրդները փոխանցեցին նաև մյուս շրջանավարտները։

Արդեն ավանդույթ դարձած այս հանդիպումներն օգնում են մեզ՝ ավագ դպրոցի աշակերտներիս, ուղղելու մեզ անհանգստացնող բոլոր հարցերը մասնագիտության ընտրության վերաբերյալ՝ կարևորելով «Այբ» դպրոցի ճանապարհն արդեն անցած և փորձառու շրջանավարտների խորհուրդները։ Հանդիպման ընթացքում խոսվեց այն մասին, թե որոնք են 21-րդ դարի ամենաարդիական մասնագիտական ոլորտները Հայաստանում և նրանից դուրս։ Ըստ խոսնակների՝ դա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է։

«ՏՏ ոլորտի զարգացումը և արդիականացումը չի նշանակում, որ հումանիտար առարկաների կամ մյուս ոլորտների կարևորությունն արժեզրկվում է, այլ հակառակը՝ ՏՏ ոլորտն իր հետ բացում է հեռանկարներ մնացած մասնագիտությունների զարգացման համար»,- նշեց Գևորգը։

Պանելային քննարկման խոսնակները և շրջանավարտները աշակերտներին ներկայացրին, թե ինչ հնարավորություններ կան արտերկրում սովորելու, և ինչ հմտություններ են պետք դրա համար։ Շրջանավարտների մեծամասնությունը նշեց, որ ամենակարևոր հմտություններից է այլ մարդկանց հետ կապեր հաստատելը։ «Այս շատ արագ զարգացող աշխարհում ցանկալի է ընտրել առավելագույնս ընդհանուր մասնագիտական ոլորտ, որպեսզի ապագայում հնարավոր լինի անել ավելին, քան մեզ թույլ կտա հստակ որևէ ուղղություն ընտրելը։ Պետք չէ ձգտել հատուկ բաներ սովորելու։ Քանի բակալավրիատի փուլում եք, ավելի լավ է, որ ձգտեք համընդհանուր առարկաներ սովորելու, ապա ապագայում նոր ընտրեք ձեզ համար հստակ ուղղություն»,- նշեց «Այբ» դպրոցի շրջանավարտ Սերգեյ Բարսեղյանը։

Հանդիպմանը ներկա էին շրջանավարտներ, որոնք սովորում կամ սովորել են Մոսկվայում, Լոնդոնում, Բոստոնում, Միլանում, Նիդեռլանդներում, ԱՄՆ-ում և աշխարհի այլ անկյուններում։ «Այբ» դպրոցի շրջանավարտներն աշխարհի լավագույն համալսարաններից են՝ Օքսֆորդի, Չիկագոյի, Կալիֆոռնիայի (Բերկլի) և այլն․ նրանք մեծապես ոգեշնչում են աշակերտներին։ Շրջանավարտները պատասխանեցին մի շարք հարցերի՝ ուղղորդելով և՛ տվյալագիտության ոլորտում, և՛ ծրագրավորման, և՛ ֆիզիկայի, և՛ ավիոինժեներիայի, և՛ համակարգչային գիտության, և՛ բիզնեսի, և՛ իրավագիտության։ Բոլորը միահամուռ աշակերտներին խորհուրդ տվեցին երբեք չմոռանալ մաթեմատիկայի կարևորության մասին, որովհետև այն ամենուր է։

Իլոնա Արտազյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>