Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձին Դավիթ և Արամ Փախչանյանների հետ հավաքվել էինք տանը` «Այբ»-ում` քննարկելու երկրի ներկայիս դրությունը ու հասկանալու, թե ինչպես կարող ենք օգնել մեր երկրին, որոնք են մեր պարտականությունները:
Տարբեր սերունդներից եկել էին մտահոգ երիտասարդներ` լի հարցերով: Տաք սուրճի ու թեյի շուրջ սկսվեց ժամեր տևած հանդիպումը։
Նախքան քննարկման մեկնարկը, Դավիթի հետ միասին գնացինք հետ` դեպի անկախությանը նախորդող տարիներ, իսկ հետո այդտեղից ճանապարհորդեցինք դեպի ներկա` փաստելով Հայաստանի ներկայիս վիճակին հասցրած բոլոր գործոններն ու դեպքերը:
Բարձրաձայնեցինք մեզ հուզող բոլոր հարցերը, դրանցից բխեցինք լուծման ենթակա բազմաթիվ խնդիրները: Բոլորիս մտահոգում էր այն անորոշությունն ու ձեռնաթափությունը, որը նկատում ենք շուրջբոլորը և երբեմն` մեր մեջ:
Արամը հիշեցրեց, որ նավակի առագաստը քամի «կբռնի», միայն եթե այն բացենք և քամի փնտրենք: Հուսահատությունից բխող անգործությունը պետք է հաղթահարել, թե չէ բոլորիս կկործանի:
Երկար քննարկումից ու բանավեճից հետո միասին դուրս բերեցինք լուծումներ։
Լուծումների ողջ փնտրտուքի ընթացքում կարմիր թելի պես ձգվում էր ազգային առաքելությունն ու հավատը վերագտնելու կարևորությունը: Հասկացանք, որ հուսահատությունը հաղթահարելու համար մեզ պետք է ողջ ազգով չվախենալ դնել երկարատև նպատակներ, ճիշտ և օբյեկտիվ կառավարել ժամանակը, ու սկսել կառուցել հարատևող համակարգեր, որոնցում կամրագրենք մեր ազգային առաքելությունն ու դրան հասնելու ճանապարհը:
Գտանք, որ շրջանավարտները կարող են թիրախային օգնություն տրամադրել դպրոցին և հասարակությանը` մասնակցելով տարբեր նախագծերի, որոնց մասին շրջանավարտներին տեղեկացնում ենք:
Որոշեցինք այս հանդիպումները դարձնել շարունակական:
Էլլա Ավագյան
2021թ․ շրջանավարտ
Կիսվել