Շրջանավարտների ակումբի նախաձեռնությամբ անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը

«Այբ» դպրոցի շրջանավարտների ակումբի նախաձեռնությամբ, դպրոցի շրջանավարտները և ուսուցիչները հավաքվել էին պատասխանելու «ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հարցերին։

Շրջանավարտների ակումբի առանցքային նպատակներից մեկը դպրոցի և շրջանավարտների համայնքի միջև կապի անընդհատության ու ամրության ապահովումն է։

Այս անգամ էլ ակումբը որոշել էր շրջանավարտներին իրար գլուխ հավաքել դպրոցում` մրցելու հայտնի մտախաղի ձևաչափով։ Յուրաքանչյուր խումբ, որ բաղկացած էր տարբեր տարիների շրջանավարտներից ու նաև ուսուցիչներից, թեև պայքարում էր հաղթանակի համար ու մրցում` ճիշտ պատասխանը գտնելու, լավ գիտեր, որ հարցերից ամենակարևորի` դպրոց-շրջանավարտներ ամուր կապի պահպանման պատասխանը հենց այդ հավաքի, դպրոցում միասին ժամանակ անցկացնելու ու, իհարկե, միասին խաղալու մեջ է։

Հանդիսատեսի շարքերը զբաղեցրած շրջանավարտները խոստովանում են, որ իրենց համար շատ հետաքրքիր էր հետևելը երբեմնի դասընկերների ու ուսուցիչների խաղին։ Իսկ խաղի ավարտին` այդքան հարցեր տալուց հետո, խաղի կազմակերպիչ շրջանավարտները ստիպված էին արդեն իրենք պատասխանել հարցի, այն է` «Ե՞րբ ենք շրջանավարտներով կրկին հավաքվելու դպրոցում»։ Պատասխանը վստահ էր` «Խոստանում ենք սպասել չտալ. հաջորդ հանդիպումը շուտով է լինելու»։

Լանա Մելիքյան, 2022թ. շրջանավարտ

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>