Պատմական թռիչք․ «Այբ»-ի աշակերտների նախագծած սարքը հնդկական հրթիռով ուղարկվել է տիեզերք

Հայաստանի ու «Այբ»-ի համար պատմական իրադարձություն․ տիեզերական բարձրություններ է ուղարկվել մի սարք, որ նախագծվել է Հայաստանում, ընդ որում՝ «Այբ»-ի աշակերտների կողմից։

197 գրամանոց սարքը տեղադրվել է ենթուղեծրային հրթիռում և բաց թողնվել տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն, այսինքն՝ հատել է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։ Այն տիեզերքում մնացել է մի քանի րոպե և այդ ընթացքում հասցրել տվյալներ հավաքել թռիչքի հետագծի, օդի ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման, հրթիռի արագության, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման հզորության և օզոնի կոնցենտրացիայի վերաբերյալ։ Վերջին երկու չափումները կատարող տվիչները նախատեսվել և առաջարկվել են AYAS-ի (Armenian Youth Aerospace Society) թիմի կողմից և ավելացվել են այդ թիմի հետ համագործակցության արդյունքում։ Նախատեսված չափումներն իրականացնելուց հետո սարքը հրթիռի հետ միասին հետ է ընկելւ։

Ամիսներ առաջ «Բազումք» լաբորատորիայի և HyeTech ընկերության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել էր Ալեքսանդր Քեմուրջյանի անվան համաերիտասարդական մրցույթ, որի շրջանակում հաղթած թիմը հնարավորություն էր ստանալու իր ստեղծած սարքն ուղարկելու տիեզերք։ Մրցույթի արդյունքում հաղթել էր «Այբ» դպրոցը ներկայացնող Ad Astra թիմը, որի նախագծած սարքն էլ հենց ուղարկվել է տիեզերեք։

Սարքը տիեզերք է ուղարկվել հնդկական Satish Dhawan-ի անվան տիեզերական կենտրոնից` SkyRoot Aerospace մասնավոր ընկերության Vikram-S հրթիռի միջոցով, որը ենթուղեծրային թռիչքի ժամանակ օգտակար բեռը հասցրել է շուրջ 89,5 կմ բարձրության (ըստ Հնդկաստանի պետական տիեզերական գործակալության տվյալների):

Իրադարձությունը պատմական էր նաև Հնդկաստանի համար, քանի որ SkyRoot Aerospace-ը Vikram-S-ի առաջին և փորձնական մեկնարկի միջոցով դարձավ այդ երկրի առաջին մասնավոր ընկերությունը, որին հաջողվում է տիեզերական թռիչք իրականացնել։

Ad Astra թիմի անդամներն են «Այբ» դպրոցի այժմ արդեն շրջանավարտներ Անդրե Վարդանյանը, Էլինա Մելքոնյանը, Հայկ Փիլիպոսյանը և 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Վանյանը։ «Այբ» դպրոցի ինժեներական ակումբի ղեկավարներն են Վազգեն Գաբրիելյանը և Ռուբեն Քերոբյանը։ Ինժեներական ակումբը սարքը նախագծել է 2021-2022 ուստարում։

Հրթիռի մեկնարկը պատկերող տեսանյութը՝ ստորև։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>