Ինչու է հատկապես հիմա կարևոր աշակերտի ուսումնական ազնվությունը

Սովորե՛լ, սովորե՛լ, սովորե՛լ: Իսկապես, մեկ դար առաջ հնչած այս խոսքն այսօր ավելի քան արդիական է։ Աշխարհը մեծ արագությամբ առաջ է գնում, զարգանում են որոշ մասնագիտություններ, իսկ որոշներ՝ դառնում անպետք։ Սակայն կորոնավիրուսային համաճարակը գրեթե կանգնեցրեց այդ արագացող շարժումը և տվեց մեզ հնարավորություն վերարժևորելու մեր կյանքը և փոփոխելու մեր աշխարհայացքը։ Այս օրերին կրթությունը տանուլ չտալու և տեխնոլոգիաներն օգտագործելու բացառիկ հնարավորություն ունենք։

Կրթության մեջ առաջընթաց ապրելու և կրթական համակարգը հզորացնելու կարևորագույն գործոններից է ուսումնական ազնվությունը, և փորձը ցույց է տալիս, որ դրան հասնելու ճանապարհներից է նաև աշակերտի պատասխանատվության բարձր մակարդակը։ Պատասխանատու աշակերտը նախևառաջ պետք է գիտակցի, թե ինչի համար է նա սովորում, ինչու է ծախսում 12 տարի դպրոցական, ապա նաև՝ բավականին ժամանակ՝ բարձրագույն կրթության վրա։ Մի՞թե աշակերտի նշաձողը պետք է լինի կարմիր վկայականը, թե՞ կան շատ ավելի բարձր արժեքներ, որոնց համար պետք է երբեմն տառապել։

Հանրակրթական այլ դպրոցներում ուսանելու փորձս ցույց է տալիս, որ այն ուսուցիչները, ովքեր շատ մեծ ուշադրություն են դարձնում գնահատականին և աշակերտի նպատակը դարձնում բարձր գնահատական ստանալը, ձախողում են իրենց աշակերտներով հանդերձ։ Հնարավոր է՝ նրանք ձևապես ավելի շատ և կայուն գիտելիքներ ունեն, քան այն աշակերտները, որոնց մեջ ուսուցիչը սերմանել է կրթության և գիտելիքի արժևորում, սակայն նրանք գործնականորեն հիմնականում ձախողում են, քանի որ նրանց գիտելիքներն իրականում հիմնային չեն և չեն ծառայում իրենց նպատակին։ Իհարկե, գնահատականներին նույնպես պետք է ուշադրություն դարձնել, սակայն երբեք չանել դա գիտելիքի իրական արժեքը հասկանալու հաշվին՝ չդառնալու համար թվերի մոլեռանդ երկրպագու։

Կրթության բարելավման կարևորագույն կետերից է նաև ինքնագնահատման ձևավորումը աշակերտի մեջ։ Ինքնագնահատումը դժվար, սակայն միևնույն ժամանակ ուսուցանող գործընթաց է։ «Այբ» դպրոցում շատ ուսուցիչներ տալիս են մեզ ինքնագնահատման հնարավորություն, դա մեր աշխատանքի բաղադրիչ է։ Կատարելով աշխատանքը՝ մենք ստանում ենք ստուգման թերթիկ՝ մանրամասն միավորներով, և կատարում ինքնագնահատում։ Վերջում ուսուցիչն աչքի է անցկացնում մեր աշխատանքը և, գնահատականի մեջ ուղղումներ կատարելով, վերջնական գնահատականը փոխանցում էլեկտրոնային հարթակ։ Թվում է, թե ուսուցչի համար ավելի հեշտ և արագ կլինի ինքնուրույն գնահատել այդ աշխատանքը։ Սակայն այստեղ կա ավելի կարևոր մի կետ՝ աշակերտի քննադատական մտածողության և սեփական սխալները տեսնելու կարողության զարգացումը։ Մենք այս կերպով ավելի հստակ ենք տեսնում, թե որտեղ ենք կատարել բացթողում, և շատ ավելի արագ ենք լրացնում գիտելիքի այդ խորշերը՝ ինքներս մեր աշխատանքը վերլուծելով և գնահատելով։

Նաև մենք գիտենք, որ շատ դեպքերում որոշ աշակերտներ կատարում են անարդարություններ՝ իրենց սխալներն ուղղելով և իրենք իրենց միավոր ավելացնելով։ Եվ հենց այստեղ է երևում, թե աշակերտը որքան է հարգում իր կրթությունը և իրեն տրված վստահությունը, հետևաբար նաև այստեղ են բացահայտվում արդար և պատասխանատու աշակերտները։

Պատասխանատվության արտահայտման հաջորդ ձևը քննություններն են և սովորածի կիրառությունը հետագա կյանքում։ Այսօր շատ ծնողներ ստիպված են հսկայական գումարներ ծախսել կրկնուսուցման վրա՝ ավարտական քննությանը իրենց երեխային պատրաստելու համար։ Բայց փորձը ցույց է տալիս, որ շատերը մոռանում են անգիր արած գիտելիքը, քանի որ շտեմարանային ուսուցումը չի կարող ապահովել գիտելիքի այն մակարդակը, որը կապահովվի սովորական դասերին ակտիվ մասնակցությամբ և աշակերտի ինքնազարգացմամբ։ Հենց այստեղ է երևում պատասխանատու աշակերտը, որն ինքնուրույն օգտագործում է այն բոլոր ռեսուրսները, որոնք կան այսօրվա աշխարհում, և հասկանում, որ միայն քննության համար սովորելը նրան չի դարձնի կիրթ և զարգացած անձնավորություն։

Այս օրերին մենք՝ աշակերտներս, ավելի քան պատասխանատու ենք մեր կրթության համար, քանի որ այս պայմաններում մեր ուսերին բեռը շատացել է և նաև ամեն ինչ վերահսկվում է էլեկտրոնային ծրագրերի միջոցով։ Այսպիսով՝ աշակերտների շրջանում կրթական բարձր մակարդակ կարող ենք ապահովել միայն մեր պատասխանատու վերաբերմունքով, որը պահպանում է ուսումնական ազնվությունը և թույլ չի տալիս աշակերտին զբաղվել ինքնախաբեությամբ։

Վարուժան Մկրտչյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>