Շվեդիայի դեսպանն «Այբ»-ում էր

«Այբ» դպրոցում էր Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը՝ ծանոթանալու դպրոցի կրթական միջավայրին ու հնարավորություններին, շփվելու աշակերտների ու տնօրենների հետ:

Շրջայցի ընթացքում դեսպանին ներկայացվեցին առարկայական լաբորատորիաներում իրականացվող ուսումնական ծրագրերը, ինչպես նաև «Այբ»-ի նախագծային ուսումնառության ակումբների՝ տարբեր միջազգային հարթակներում հաջողություններ գրանցած, իրականացված ու ընթացիկ նախագծերը: Դեսպանը հետաքրքրված էր երեխաների ձեռքբերումներով, հատկապես «Արվեստանոց» ակումբի աշակերտների ստեղծագործություններով, ինչպես նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցությամբ գործող ֆաբլաբում աշակերտների ստեղծած ռոբոտներով ու այլ տեխնոլոգիաներով, որոնք ունեն սոցիալական և անվտանգային մեծ նշանակություն նաև դպրոցից դուրս:

«Այբ» ավագ դպրոցի աշակերտները, որոնք սովորում են միջազգային ճանաչում ունեցող «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագրով, առիթ ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու ինչպես մասնագիտական կողմնորոշման, այնպես էլ Շվեդիայի կրթական համակարգի, դիվանագիտության և քաղաքական գործիչների աշխատանքի բնույթի մասին:

Tweets by AybSchool
>