Մեծ երազանքին հասնելու ճանապարհին․ Սիրարփի Ղասաբյան

Սիրարփին «Այբ» դպրոց առաջին ընդունվածներից է 2011 թվականին, երբ դպրոցի շենքն անգամ դեռ պատրաստ չէր։ Մեր առաջին սերնդի շրջանավարտն այնուամենայնիվ անգիր հիշում է ընդունելության գործընթացը, դպրոցի կայքը, անգամ՝ առաջին լրատվական հոլովակներն ու ազդագրերը։

Սովորել ենք գնալ մեծ երազանքների հետևից

Խոստովանում է, որ ընդունող հանձնաժողովին գերել է իր մեծ ձգտումներով ու երազանքներով «Ընդունելության հարցազրույցի փուլում հարցրին, թե ինչ նպատակ ունեմ։ Ասացի, թե սեփական ավիաուղիներ եմ ունենալու։ «Այբ»-ը նաև դրանով է հատուկ, որ մեզ երբեք չեն կոտրել, խրախուսել են, որ մեծ երազանքներ ունենանք, և հավատացել են մեզ։ Սակայն պատերազմից հետո հասկացա, որ մեր բոլոր նպատակներն ու երազանքները պետք է վերափոխվեն ի շահ մեր հայրենիքի։ Մենք պետք է յուրաքանչյուրս շատ աշխատենք, որ մեր հայրենիքին օգտակար լինենք»։

Սովորել ենք աշխատել

«Առաջին օրից, որ եկանք դպրոց ու ծանոթացանք հիմնադիրների, բարերարների հետ, զարմացել էինք, որ մեզ՝ 14 տարեկաններիս, մեծի տեղ էին դնում, շփվում էին մեզ հետ հավասարի պես։ Միևնույն ժամանակ «Այբ»-ում մենք սովորեցինք լինել կարգապահ ու պատասխանատու, չվախենալ ծանրաբեռնվածությունից ու նոր մարտահրավերներից։ Երևի դա նաև նպաստեց, որ համալսարան ընդունվելու հենց առաջին տարին սկսեցի աշխատել։ Երբ ավարտեցի, արդեն 4 տարվա աշխատանքային փորձ ունեի տարբեր ընկերություններում ու վստահություն, որ կարող եմ իմ գործը ստեղծել, թեկուզ փոքր, բայց սեփական ընկերություն հիմնել»։

Արդեն այսօր Սիրարփին թվային գովազդով զբաղվող Reezalt Creative Labs ընկերության համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ Երկու տարվա ընկերությունն ունի 10 աշխատակից, 100-ից ավելի գործընկեր-կազմակերպություն, աճի մեծ պլաններ ու հստակ տեսլական։

Մենտոր-շրջանավարտը․ շարունակելով հիմնադիրների գործը

Լինելով «Այբ»-ի մենտորության ծրագրի առաջին սաներից մեկը՝ այսօր Սիրարփին արդեն նաև մենտոր է «Այս ծրագրում ես երկու սան ունեմ, և հատկանշական է, որ իմ մի սանն իմ մենտորի դուստրն է։ Նրանց հետ անընդմեջ կապի մեջ ենք, հաճախ ենք զանգում ու տարբեր թեմաներ քննարկում»։

Այբական առաջին ընտանիքը

Ասում է՝ «Այբ»-ի մեծ համայնքն ընտանիքի նման է։ Հատկանշական է, որ Սիրարփիի դեռևս փոքրիկ նորաստեղծ ընտանիքի պատմությունը ևս սկսվել է «Այբ»-ից։ Ամուսնու՝ Ալենի հետ ծանոթացել են դպրոցում, այնուհետև միասին անցել դպրոցական ու համալսարանական տարիները, միասին ընկերություն հիմնել ու ամուսնացել։ Այսքանից հետո պատահական չէ, որ հարսանեկան ֆոտոսեսիայի համար նույնպես ընտրել են հենց «Այբ»-ը։

Tweets by AybSchool
>