«Այբ» դպրոցը ընդունում է հայտեր դպրոցի գործադիր տնօրենի հաստիքի համար։ Գործադիր տնօրենը գործում է դպրոցի հոգաբարձուների խորհրդի (ՀԽ) անմիջական ենթակայությամբ։
Գործադիր տնօրենի պաշտոնի թեկնածուներին անհրաժեշտ տվյալները ներկայացված են այս փաստաթղթերում՝
Ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրությունը (CV) ուղարկել [email protected] հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Principal election_անուն, ազգանուն»: Թեկնածուների դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 20-ն է։
Առցանց կամ դեմառդեմ հարցազրույցներին մասնակցելու համար թեկնածուների ընդարձակ ցուցակը կկազմվի դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո։ Հարցազրույցների հիման վրա կկազմվի կարճ ցուցակ, որում ընդգրկված թեկնածուները կհրավիրվեն Երևան՝ մասնակցելու դեմառդեմ հանդիպումների և հարցազրույցների 2-րդ փուլին։ Այս հանդիպումների արդյունքում էլ կընտրվի և կհայտարարվի վերջնական թեկնածուն։ Ակնկալվում է, որ ՀԽ-ն վերջնական որոշումը կկայացնի մինչև 2020 թ. մայիսի 22-ը։
Թեկնածուների որոնմամբ զբաղվում է գործադիր տնօրեն ընտրելու համար ՀԽ կողմից ձևավորված ընտրական հանձնաժողովը։ Ընտրական հանձնաժողովը ցանկացած ժամանակ կարող է որոշել դադարեցնել թեկնածուների հավաքագրումը, վերանայել ժամկետները կամ թեկնածուի որոնման համար դիմել արտաքին կազմակերպության ծառայությանը՝ ընտրական հանձնաժողովի հետ համագործակցությամբ։ Եթե գործընթացում այսպիսի կազմակերպություն ներգրավվի, ընտրական հանձնաժողովը կարող է նախքան այդ ընդունած բոլոր դիմումները փոխանցել այդ կազմակերպությանը հետագա գործողությունների համար։
«Այբ» դպրոցի մասին
«Այբ» դպրոցը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է 2011 թվականից և Հայաստանի կրթական համակարգում ունի կարևոր դերակատարում։ Նրա նպատակը 21-րդ դարի հայկական կրթական հաստատության օրինակելի մոդել դառնալն է, առաքելությունը՝ իրենց ժառանգությամբ ու ինքնությամբ հպարտ, գրագետ, ազնիվ և պատասխանատու աշակերտների ապագա սերունդներ տալը։ Դպրոցի կրթական փիլիսոփայությունը հիմնված է «Այբ» դպրոցի աշակերտին ձևավորող 8 սկզբունքների վրա։ Դպրոցը հպարտ է, որ ապահովում է ուսումնառության դրական միջավայր, որտեղ բարգավաճում է աշակերտներից, ուսուցիչներից ու դպրոցի մնացյալ անձնակազմից, շրջանավարտներից և ծնողներից կազմված «Այբ» համայնքը։ «Այբ» դպրոցը մի ինքնատիպ լաբորատորիա է, որտեղ ստեղծվում են դասավանդման նորարար տեխնոլոգիաներ, մեթոդներ ու կրթական մոդելներ։ Դպրոցը նպատակ ունի տարածելու այս ամենը երկրի կրթական ամբողջ համակարգում՝ վերջինիս մակարդակը հասցնելով համաշխարհային մրցունակ ստանդարտին։
«Այբ» դպրոցական ավանը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում և զբաղեցնում 6,95 հա տարածք։ Դպրոցի տարրական, միջին և ավագ բաժինները գործում են երեք առանձին շինություններում, որոնց ընդհանուր մակերեսը 7000 մ2 է, և որոնք զինված են ուսումնառությանը նպաստող ժամանակակից կրթական հարմարություններով։ Դպրոցում սովորող աշակերտների թիվը 500-ից մի փոքր պակաս է, իսկ անձնակազմի անդամների թիվը՝ 160-ից ավելի։ Դպրոցը ղեկավարվում է ՀԽ-ի կողմից և չունի սեփականատերեր կամ բաժնետերեր։ «Այբ» ավագ դպրոցը Հայաստանի ոչ պետական ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է. ավագ դպրոցի աշակերտների 70 տոկոսից ավելին ամեն տարի ստանում է կրթաթոշակ (ուսման վարձի փոխհատուցում)։
Կիսվել