«Այբ» դպրոցի տարածքում կկառուցվի ռազմամարզական ուսումնական եզակի ավան՝ կազմված տարբեր գոտիներից՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիայից, արգելագոտուց, մարզական գոտուց:
Այս նպատակով ուսումնական տարվա սկզբում մեկնարկած ներհամայնքային դրամահավաքի արդյունքում 90 մլն դրամի փոխարեն մեզ հաջողվել է հավաքել 123 334 624 դրամ (հուլիսի 3-ի դրությամբ)՝ գերազանցելով սահմանված նշաձողը և հնարավորություն ստանալով ավանում իրականացնելու լրացուցիչ այլ անհրաժեշտ աշխատանքներ:
Համատեղ նպատակներ սահմանելու ու դրանք միասին իրագործելու մշակույթը կարևոր նշանակություն ունի «Այբ»-ի համար և ամրացնում է մեր համայնքն ու արժեքները: Սա նշանակում է վստահություն միմյանց նկատմամբ և պատասխանատվություն՝ սեփական մասնակցությունն ունենալու մեր ապագան կերտելու գործում: Այն բացառիկ է նաև իր մասնակցայնությամբ, քանի որ արշավին միացան ոչ միայն «Այբ»-ի բարերարները, այլ նաև ծնողները, աշխատակիցները, ուսուցիչներն ու աշակերտական համայնքը:
Ուժեղ պետության գրավականն այն հասարակությունն է, որում նոր սերնդի ձևավորման համար առաջնային է որակյալ ու ամբողջական կրթությունը՝ կերտելու պատկանելության և պատասխանատվության զգացում ունեցող անհատներ: Այս նախաձեռնության միջոցով միասին մենք ստեղծում ենք մի միջավայր, որը կնպաստի ֆիզիկապես ու հոգեպես ամուր սերնդի ձևավորմանը՝ պատրաստ դիմակայելու և հաղթահարելու մարտահրավերները:
Ռազմամարզական ուսումնական ավանը բաց կլինի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կատարելագործել իրենց ռազմամարզական հմտություններն ու գիտելիքները: Այստեղ ներգրավված կլինեն ինչպես ոլորտի հմուտ մասնագետներ, այնպես էլ «Այբ»-ի՝ զինվորական ծառայություն անցած շրջանավարտները: Ուսումնառությունը հիմնված կլինի փորձի փոխանակման ու ամուր կապերի հաստատման վրա, ինչն էլ իր հերթին կնպաստի համայնքային ներուժի հզորացմանը:
«Այբ»-ի ռազմամարզական ուսումնական ավանը կունենա՝
Նշենք, որ ավանի առաջին բաղադրիչը՝ նոր տեխնոլոգիաներով հագեցած «Արցախ» նախնական զինվորական պատրաստության դասասենյակ-լաբորատորիան, արդեն գործում է: Ծրագրի ընթացքի և հետագա աշխատանքային փուլերի մասին կտեղեկացնենք հաջորդիվ:
Շնորհակալ ենք յուրաքանչյուրին (տես ցանկը), ով իր ներդրումն ունեցավ արժեքավոր այս գործում և ստեղծեց այս հնարավորությունը երիտասարդների համար: Մենք վստահ ենք, որ վճռական ու գիտակից քայլերի շնորհիվ կարող ենք ստեղծել հզոր ու պաշտպանված երկիր: