Մայիսի 24-ին «Հայաստան» դահլիճում տեղի ունեցավ «Այբ» ավագ դպրոցի 7-րդ սերնդի շրջանավարտների «Վերջին զանգ»-ի արարողությունը, որը բեմում ամփոփ ներկայացրեց այբական երեք տարին։
Էլ ի՞նչ Վերջին զանգ առանց ուսուցիչների «առանձնահատկությունները» մեղմ հումորով հիշելու: Աշակերտները դրվագային ներկայացումներով բեմադրեցին «Այբ»-ի առօրյան: Երաժշտական տեսահոլովակներով էլ ցուցադրեցին այբական կյանքը՝ դասասենյակներից մինչև ուսուցչանոց:
Ուսուցչական կազմն էլ հետ չմնաց հումորի հարցում: Քանի դեռ աշակերտները վերջինզանգյան սցենարն էին կազմում ու փորձեր անում, ուսուցիչները և դպրոցի ադմինիստրատիվ աշխատակիցներն անցկացնում էին գաղտնի նկարահանումներ: Անակնկալ տեսահոլովակն այն մասին էր, թե ինչպիսի «յուրահատկություններով» են հիշվելու «Այբ»-ի յոթերորդ սերնդի շրջանավարտները:
Ուրախ ցերեկույթն ավարտվեց հույզերով. շնորհակալության խոսքեր հնչեցրին երկու կողմն էլ՝ աշակերտները՝ անգնահատելի գիտելիքի համար, ուսուցիչները՝ թանկ հիշողությունների։ Ծնողներն էլ իրենց հերթին հուզվեցին և նշեցին, որ հանգիստ են ապագայի համար՝ այբական արժեքներով երեխաներ են ճանապարհում մեծ կյանք:
Բայց սա ոչ հրաժեշտ էր, ոչ էլ մնաս բարով, այլ մինչ հանդիպում։ Դպրոցն ավարտեց «Այբ»-ի ամենապայծառ սերունդը, ինչպես սիրում են իրենք իրենց անվանել շրջանավարտները: 41 աշակերտները համալրեցին «Այբ»-ի մեծ համայնքը: Ընդհանուր առմամբ՝ «Այբ»-ն արդեն ունի 300 շրջանավարտ: