«Այբ» ավագ դպրոցի 12-րդ դասարանի 8 աշակերտ և պատմության 2 ուսուցիչ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը Մեծ Բրիտանիայում մասնակցեցին աշակերտական կոնֆերանսի։ Աշակերտները մեկ տարի շարունակ Ուեստմինստերյան դպրոցի իրենց հասակակիցների հետ հեռակա նախագիծ էին իրականացրել, որոնց արդյունքներն էլ ամփոփվեցին կոնֆերանսի ընթացքում։ «Այբ»-ի պատվիրակությունը գլխավորում էին պատմության ուսուցիչներ Լիլիթ Մինասյանը և Ջուլիետա Կճանյանը, իսկ բուն ծրագիրն իրականացվել է Ուելսի Հոուրդեն բնակավայրում գտնվող, ՄԹ նախկին վարչապետ, անվանի պետական գործիչ Ուիլյամ Գլադստոնի գրադարանի հետ համատեղ։
«Այբ» և Վեստմինստերյան դպրոցների աշակերտների մասնակցությամբ կոնֆերանսը տեղի ունեցավ Ուելսում՝ Մեծ Բրիտանիայի քառակի վարչապետ Ուիլյամ Յուարտ Գլադստոնի (1809-1898 թթ․) գրադարանում։ Աշակերտները ներկայացրին իրենց պատրաստած ելույթները երեք մեծ թեմաների շուրջ, որոնք բաղկացած էին առանձին հետազոտական հարցադրումներից։
Պոպուլիզմ
- Ի՞նչ է պոպուլիզմը և արդյո՞ք այն վտագավոր է
- Պոպուլիզմը Հայաստանում և Մեծ Բրիտանիայում․ համեմատական հետազոտություն
- Եթե պոպուլիզմը քաղաքականության ապագան է, ինչպե՞ս պետք է արձագանքել դրան
Ազգայնականություն
- Արդյո՞ք հնարավոր է պատկերացնել քաղաքականությունն առանց ազգայնականության
- Հայկական և բրիտանական ազգայնականություն․ համեմատական հետազոտություն
Մարդու իրավունքներ և օրենքի իշխանություն
- Ինչո՞ւ է օրենքի իշխանությունը կարևոր
- Մարդու իրավունքները և օրենքի իշխանությունը Հայաստանում և Մեծ Բրիտանիայում․ համեմատական հետազոտություն
- Արդյո՞ք մարդու իրավունքներն ավելին են, քան անիմաստ չափազանցությունը
Յուրաքանչյուր ելույթ «Այբ» դպրոցի և Վեստմինստերյան դպրոցի աշակերտների համատեղ աշխատանքի արդյունք էր։ Ելույթներին հաջորդում էր քննարկում։ Կոնֆերանսը եզրափակվեց «Լիբերալ արժեքներն արդի աշխարհում» թեմայի շուրջ քննարկմամբ։ Իր ամփոփիչ խոսքում Վեստմինստերյան դպրոցի տնօրեն Պատրիկ Դերհամն ընդգծեց Գլադստոնի ժառանգության և նրա դավանած համամարդկային արժեքների կարևորությունն արդի աշխարհում, ինչպես նաև հայ-բրիտանական հարաբերություններում։ Նա նաև նշեց, որ կոնֆերանսն իրապես համալսարանական մակարդակի էր։
Իրենց այցի ընթացքում աշակերտները Վեստմինստերյան դպրոցում նաև մասնակցեցին տարբեր դասերի՝ պատմության, փիլիսոփայության, քիմիայի, լատիներենի, ֆրանսերենի, չինարենի և այլն։ Իսկ ուսուցիչներ Լիլիթ Մինասյանը և Ջուլիետա Կճանյանը կատարեցին դասալսումներ։
Բացի դրանից, այբեցիներն այցելեցին Գիտության և բնության պատմության թանգարան, եղան Լոնդոնի «Թաուերում»: Նրանք նաև այցելեցին Վեստմինստերյան աբբայություն, որտեղ թաղված են Անգլիայի միապետներ, ականավոր գրողներ ու գիտնականներ, այդ թվում՝ Նյուտոնը և Բայրոնը։ Այստեղ են տեղի ունենում Մեծ Բրիտանիայի միապետների թագադրության և թագավորական ընտանիքի պսակադրության արարողությունները։
Աշակերտները հնարավորություն ունեցան այցելելու վարչապետ Գլադստոնի դղյակը և լինելու նրա աշխատասենյակում, որը հայտնի է «Խաղաղության տաճար» անվամբ։ Այն եզակի դեպքերում է բացվում այցելությունների համար։
Մեծ Բրիտանիա այցելության վերջին օրվա ընթացքում «Այբ»-ի պատվիրակությունը ծանոթացավ Լոնդոնի տեսարժան վայրերին և այցելեց Բրիտանական թանգարան։ Մեր պատվիրակությանը միացան նաև «Այբ» դպրոցի՝ Մեծ Բրիտանիայում սովորող շրջանավարտներից ոմանք։ Երեկոյան Վեստմինստերյան և «Այբ» դպրոցի աշակերտները հրաժեշտ տվեցին միմյանց՝ դպրոցի բակում հայկական ազգային պարերի համատեղ կատարումով։